17:14  ,  23 օգոստոսի, 2012

Արթուր Աբրահամ. Սիրտս զբաղված է, բայց այդ մասին կխոսեմ մենամարտից հետո

«Պսակադրությանս արարողությունը կայանալու է Հայաստանում, հայկական եկեղեցում, հայկական ադաթներով եւ հայերով շրջապատված»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն (IBF) Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Բեռլինի O2 World մարզապալատում Արթուր Աբրահամը կմենամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ։

Վերջերս լուրեր տարածվեցին, թե Արթուր Աբրահամն ունի սիրելի աղջիկ: Թե ով է Արթուրի ընտրյալը, դեռ հայտնի չէ, քանի որ մենամարտից առաջ նա նախընտրում է չխոսել եւ նույնիսկ  չմտածել անձնականի մասին, բայց խոստովանում է, որ սիրտն արդեն զբաղված է:

Արթուր, մի քանի օրից տեղի կունենա կյանքիդ թերեւս ամենակարեւոր մենամարտը: Անձնական կյանքն ու սիրելիիդ մասին մտքերը քեզ ոգեշնչո՞ւմ են հաղթանակի:

Այս պահին ամեն տեսակ անձնական մտքերից ինձ ազատել եմ: Հիմա չի կարելի այլ բաների մասին մտածել, հիմա իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել եմ միայն մենամարտի վրա: Ոչ մի սիրահարվածություն եւ շեղող մտքեր: Հաճելի է, որ սիրտդ զբաղված է մեկով, ունես կողքիդ քեզ հասկացող եւ սիրող անձնավորություն, բայց դա աշխատանքին պետք է չխանգարի: Բնական է, որ այս պահին ոգեշնչողը սիրածդ անձնավորությունը պետք է լինի, բայց անձնականի մասին կմտածեմ միայն մենամարտից հետո: Իսկ մինչեւ այդ ոչ մի անձնական։

Արթուր, փաստորեն արդեն սիրտդ լիարժեք զբաղված է: Իսկ հե՞շտ ես սիրահարվում:

Ես իրականում հեշտ չեմ սիրահարվում:  Դժվար ընտրություն եմ կատարում, բայց եթե  սիրահարվում եմ, դա ամբողջ կյանքիս համար է: Ինչպես ասում են` մինչեւ վերջ եմ սիրահարվում եւ մինչեւ վերջ նվիրվում: Սա շատ կարեւոր եւ լավ հատկություն է, կարծում եմ:

Կնոջ մեջ ի՞նչն է քեզ գերում։

Նախ ասեմ, որ իմ ուշադրությունը գրավում են բացառապես հայ աղջիկները: Բայց սիրահարվել կարող եմ ոչ ամեն աղջկա: Ինձ համար իդեալական աղջիկն առաջին հերթին պետք է խելացի լինի: Ես չեմ կարող ոչ խելացի աղջկա հետ լինել, նրա հետ զրուցել ու դեռ կյանք պլանավորել: Կարծում եմ, յուրաքանչյուր նորմալ մարդ գնահատում է աղջկա խելացիությունը, որն էլ գեղեցկացնում է աղջկան: Ինձ հնարավոր  է գերել խելացի եւ ճկուն մտքով: Ինչ վերաբերում է արտաքինին, բնական է, որ դա էլ իր տեղն ունի: Բայց այդ խնդրի առաջ չեմ կանգնել դեռեւս, քանի որ հայ աղջիկները շատ գեղեցիկ են: Ես իմ կյանքը կապելու եմ միայն հայուհու հետ: Շատ են օտարազգի ծանոթյունները, շփումները, բայց հայուհիներին ոչ ոք չի հասնի: Հայուհիները ջերմ են, նվիրվող, սիրող: 

Արթուր, փաստորեն, արդեն ամուսնության ծրագրեր են գծագրվում: Իսկ որտե՞ղ կանցկացնես պսակադրությանդ արարողությունը։

Միանշանակ, Հայաստանում: Նույնիսկ, եթե Գերմանիայում երկար ժամանակ մնալու խնդիր էլ ունենամ, պսակադրությանս արարողությունը կհետաձգեմ: Այն անպայման անցնելու է իմ հայերնիքում, հայկական եկեղեցում, հայկական պսակադրության ծիսակարգով:

Հայկական բոլոր ավանդույթներո՞վ:

Այո, ես հայկական բոլոր ավանդույթների սիրահար եմ: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հին հայկական ադաթներ են թելադրում: Սա իմ նպատակներից մեկն է: Ես ամեն ինչ կանեմ հայկական մթնոլորտում, հայկական ադաթներով, իմ հայրենիքում: Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, իմ ծննդավայրը եւ ամուր կապված եմ իմ հողին: Ինձ հետ կապված ցանկացած իրադարձություն պետք է տեղի ունենա Հայաստանում, հայկական հողի վրա, հայերով շրջապատված:

Մենամարտից հետո կգամ Հայաստան, որպեսզի հաղթանակս ընկերներիս շրջապատում նշեմ: Մյուս հարցերի մասին հետագայում կմտածենք: Իսկ հիմա միայն ու միայն մենամարտով է միտքս զբաղված:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում