Իտալացի ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին «Культ Тура» հաղորդման եթերում պատմել է, որ Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գործակալ Մինո Ռայոլայի հետ ծանոթացել է իր քրոջ՝ Մոնիկայի միջոցով: Մոնիկա Մխիթարյանն աշխատում է ՈւԵՖԱ-ում:
«Մինո Ռայոլայի բախտը շատ է բերել Հենրիխի հարցում: Մխիթարյանի քույրը երկար տարիներ աշխատում է ՈւԵՖԱ-ում՝ Ժնեւում: Նա ինտերնետում կարդացել էր, որ կա մի համառ ու զվարճալի իտալացի գործակալ Մինո Ռայոլա անունով եւ ցանկացել էր ծանոթանալ նրա հետ:
Այդ ժամանակ ՈւԵՖԱ-ում կար մի մարդ, որի անունը Միշել Պլատինի է: Մոնիկան նրանից խնդրել էր Ռայոլայի հեռախոսահամարը: Պլատինին գտել էր գործակալի e-mail-ը: Դրանից հետո նա սկսեց անդադար հաղորդագրություններ ուղարկել Մինոյին՝ նշելով, որ Հենրիխ Մխիթարյանի քույրն է, եւ որ եղբայրը հանդես է գալիս Դոնեցկի «Շախտյորում», լավ ֆուտբոլիստ է, հայ է:
Ռայոլան ինքն ընդունում է, որ իրեն հետաքրքիր չէ Ռուսաստանը, առավել եւս՝ Ուկրաինան: Նա Բրազիլիայում ունի շատ գրագետ փաստաբան: Այդ կինը կարդացել է նամակները եւ հասկացել, որ ազգանունը ծանոթ է: Նայելով՝ թե ով է դա, նա Ռայոլային ասել է, որ դա շատ հետաքրքիր խաղացող է, որին արժե հետեւել: Եվ միայն հետո 10-րդ կամ 20-րդ հաղորդագրությանը նա պատասխանում է»,- ասել է Մարկո Տրաբուկին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» 27.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ այս ամռանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 42 միլիոն եվրո է վճարել 27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում