15:02  ,  29 ապրիլի, 2024

Տիագո Սիլվան ամռանը կհեռանա «Չելսիից»

39-ամյա բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Լոնդոնի «Չելսիից», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

«Այս ակումբ էի եկել մեկ տարի խաղալու նպատակով, սակայն մնացի չորս տարի։ Այս ակումբը կարեւոր է ինձ համար, իմ ընտանիքի համար։ Իմ տղաները խաղում են «Չելսիում»։ Շատ հպարտ եմ, որ «Չելսիի» ընտանիքի անդամ եմ։ Հույս ունեմ, որ որդիներս կկարողանան կարիերաները շարունակել այստեղ։

Հույս ունեմ, որ մոտ ապագայում կվերադառնամ այլ դերում։ Իմ սերն ակումբի նկատմամբ աննկարագրելի է։ Ես կարող եմ միայն շնորհակալություն ասել։ Հրաժեշտ տալը ծանր է։ Բայց հրաժեշտ են տալիս չվերադարձողին։ Ես հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ»,- ասել է Տիագո Սիլվան։

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը «Չելսի» է տեղափոխվել 2020-ին ազատ գործակալի կարգավիճակում։ Այս ընթացքում նա դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, Եվրոպայի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English