19:10  ,  12 հոկտեմբերի, 2015

Ռոման Ասխաբաձե. Հաջորդ մրցաշրջանում «Բանանցի» միակ խնդիրը կլինի չեմպիոնությունը

«Իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն հսկայական փորձ ունեցող մարզիչ է եւ ժամանել է մեծ թիմի հետ: Իսպանացի մարզիչներ լինելու են ակումբի ամբողջ կառուցվածքում: Մասնագետներն աշխատելու են «Բանանցի» հիմնական թիմում, «Բանանց-2»-ում եւ ավարտական տարվա թիմում: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները, գալով առաջին թիմ, արդեն իմանան, թե ինչ է իրենցից պահանջվում:

Տիտոն պատրաստել է այն աշխատանքային պլանը եւ մարզիչների ցանկը, ովքեր անհրաժեշտ են նախագծի իրագործման համար: Դա արժանացավ իմ եւ ակումբի բաժնետերերի հավանությանը եւ նախագիծը հաստավեց: Երիտասարդական թիմերից մինչեւ առաջին թիմը աշխատելու նրա հսկայական փորձը ընդհանուր առմամբ տեղավորվեցին այն ուղղվածության մեջ, որը մենք ընտրել էինք: Գլխավոր գրավականներից էր նաեւ այն, որ Տիտոն եւ իր օգնականները պատրաստ են սովորեցնել հայ մասնագետներին եւ այս նախագիծը ենթադրում է, որ ակադեմիայի, «Բանանց-2»-ի եւ հիմնական թիմի մարզիչներն աշխատեն մեկ համակարգով եւ զարգանան միասին:

Ձմռանը թիմի կազմը փոփոխությունների կենթարկվի եւ դրանից հետո ամեն ինչ պետք է անենք եվրագավաթներին մասնակցելու համար՝ կա՛մ առաջնության, կա՛մ գավաթի խաղարկության միջոցով: Եթե հեռուն նայենք, ապա այս տարի մենք մտածում ենք Եվրոպայի լիգայում խաղալու մասին, իսկ հաջորդ մրցաշրջանում, հաշվի առնելով ակումբի պայմաններն ու ֆինանսավորումը, մենք կարող ենք խոսել միայն չեմպիոն դառնալու մասին:

Պետք է փոխենք նաեւ ակումբի բժշկական ծառայությունը: Չգիտեմ, թե ինչպես է այլ ակումբներում, բայց այստեղ այն ընդհանրապես բացակայում էր: Կան սենյակներ, հարմարություններ, բայց թիմում ընդամենը մեկ բժիշկ է: Չկա ֆիզիոթերապեւտ, վերականգնողական մարզիչ: Հիմա մեզ միացել են այս մասնագետները եւ դեռեւս կլինեն նոր մարդիկ: Նաեւ Հայաստանում կփորձենք գտնել լավագույն կադրերը: Մասնավորպես, մեզ արդեն միացել երկրորդ բժիշկը «Արարատից»: Այսպես, մենք կփորձենք միասին սովորել եւ զարգանալ:

Հիմնական շեշտը դրվելու է հայ ֆուտբոլիստների վրա, ովքեր հիմա «Բանանցում» են կամ այլ հայկական ակումբներում են: Կատարվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սելեկցիոն աշխատանք: Տիտոն չի պնդել, որ անպայման իսպանացիներ են լինելու, մենք այդ մասին շատ դեռ չենք էլ խոսել, բայց շատ կան երկրներ, որոնցում կան տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ: Մեր փիլիսոփայությունը հետեւյալն է՝ արտասահմանցի ֆուտբոլիստը պետք է մեկ գլուխ ուժեղ լինի տեղացի ֆուտբոլիստից: Ես որպես «Բանանցի» ներկայացուցիչ դժգոհ եմ, որ հավաքականում չկա «Բանանցի» ֆուտբոլիստ: Մենք պետք է հասնենք նրան, որ «Բանանցի» ֆուտբոլիստը խաղա հավաքականում, իսկ դա հնարավոր կլինի միայն լավ արդյունքների միջոցով:

 Բաժնետերերը համբերատար են, եթե սկսել են այս նախագիծը: Ինձ մոտ էլ որոշակի վստահություն կա, այդ պատճառով էլ եկել եմ Մոսկվայից: Համբերությունը ֆուտբոլում շատ կարեւոր է, համաձայն եմ: Վաղ թե ուշ մենք մեկնելու ենք Հայաստանից եւ ցանկանում եմ, որ մեր հեռանալուց հետո հայ մասնագետներն ունենան այն ինֆորմացիան եւ բազան, որը կստանան այստեղ»,- Ասխաբաձեի խոսքը մեջբերում է «Բանանցի» կայքը:

Հիշեցնենք, որ «Բանանցի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Տիտո Ռամալյոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում