22-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանը «Ռեալ Մուրսիայի» երկրորդ թիմից տեղափոխվել է Իսպանիայի Երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սան Սեբաստիան դե լոս Ռեյես»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը նշել է, որ երազում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղալու մասին: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականում Վարդան Պողոսյանի նորամուտն արդեն կայացել է: Այն տեղի է ունեցել ամռանը Իրանի մինչեւ 22 տարեկանների հավաքականի հետ ընկերական խաղերում:
Վարդանի ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել, երբ նա եղել է 7 տարեկան: Հենց Ռուսաստանում է հարձակվողը կատարել առաջին քայլերը ֆուտբոլում:
Մադրիդյան «Սան Սեբաստիան դե լոս Ռեյեսին» հայ ֆուտբոլիստը միացել է երկու շաբաթ առաջ եւ հասցրել է մեկ խաղ անցկացնել առաջին թիմի հիմնական կազմում, գոլի հեղինակ առայժմ չի դարձել:
«Ռեալ Մուրսիայից» հեռանալուց հետո որոշ ժամանակ մարզվում էիր «Կորդոբայի» կազմում: Ինչո՞ւ պայմանագիր չկնքեցիր այդ ակումբի հետ:
Ինձ պարզապես չհետաքրքրեցին «Կորդոբայի» առաջարկած պայմանները:
Այլ առաջարկներ ունեի՞ր:
Ունեի այլ առաջարկներ, պարզապես սա լավագույն տարբերակն էր: Առաջարկներ ունեի «Սիեզայից», «Պալմարից», «Օրադադայից»: Սրանք այլ քաղաքների թիմեր են, իսկ ինձ հետաքրքրում էր այս թիմը: Բացի այդ՝ ինձ այստեղ բերեց ներկայացուցիչս:
Կցանկանայի՞ր խաղալ Հայաստանում կամ վերադառնալ Ռուսաստան:
Այս պահին, ո՛չ: Առաջարկներ էլ չունեմ:
Ամռանը նորամուտդ նշեցիր Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում: Հասցրեցի՞ր ընկերներ ձեռք բերել հավաքականում:
Այո, եւ բոլորի հետ էլ կապ եմ պահպանում:
Անշուշտ, ցանկանում ես մի օր հանդես գալ Հայաստանի հավաքականում:
Իհարկե, երանի գա այն օրը, երբ նորամուտս կնշեմ հավաքականի կազմում:
Ո՞ր հռչակավոր ակումբում կցանկանայիր խաղալ:
Մադրիդի «Ռեալում»:
Երբեւէ մարզիչ դառնալու մասին մտածե՞լ ես:
Մարզչական գործունեությամբ կսկսեմ զբաղվել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:
Քրիստինա Խաչատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում