Վարդան Պողոսյան. Երանի գա այն օրը, երբ նորամուտս կնշեմ հավաքականի կազմում

19:28   24 հոկտեմբերի, 2014

22-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանը «Ռեալ Մուրսիայի» երկրորդ թիմից տեղափոխվել է Իսպանիայի Երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սան Սեբաստիան դե լոս Ռեյես»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը նշել է, որ երազում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղալու մասին: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականում Վարդան Պողոսյանի նորամուտն արդեն կայացել է: Այն տեղի է ունեցել ամռանը Իրանի մինչեւ 22 տարեկանների հավաքականի հետ ընկերական խաղերում:

Վարդանի ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել, երբ նա եղել է 7 տարեկան: Հենց Ռուսաստանում է հարձակվողը կատարել առաջին քայլերը ֆուտբոլում:

Մադրիդյան «Սան Սեբաստիան դե լոս Ռեյեսին» հայ ֆուտբոլիստը միացել է երկու շաբաթ առաջ եւ հասցրել է մեկ խաղ անցկացնել առաջին թիմի հիմնական կազմում,  գոլի հեղինակ առայժմ չի դարձել:

«Ռեալ Մուրսիայից» հեռանալուց հետո որոշ ժամանակ մարզվում էիր «Կորդոբայի» կազմում: Ինչո՞ւ պայմանագիր չկնքեցիր այդ ակումբի հետ:

Ինձ պարզապես չհետաքրքրեցին «Կորդոբայի» առաջարկած պայմանները:

Այլ առաջարկներ ունեի՞ր:

Ունեի այլ առաջարկներ, պարզապես սա լավագույն տարբերակն էր: Առաջարկներ ունեի «Սիեզայից», «Պալմարից», «Օրադադայից»: Սրանք այլ քաղաքների թիմեր են, իսկ ինձ հետաքրքրում էր այս թիմը: Բացի այդ՝ ինձ այստեղ բերեց ներկայացուցիչս:

Կցանկանայի՞ր խաղալ Հայաստանում կամ վերադառնալ Ռուսաստան:

Այս պահին, ո՛չ: Առաջարկներ էլ չունեմ:

Ամռանը նորամուտդ նշեցիր Հայաստանի մինչեւ 21 տարեկանների  հավաքականի կազմում: Հասցրեցի՞ր ընկերներ ձեռք բերել հավաքականում:

Այո, եւ բոլորի հետ էլ կապ եմ պահպանում:

Անշուշտ, ցանկանում ես մի օր հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Իհարկե, երանի գա այն օրը, երբ նորամուտս կնշեմ հավաքականի կազմում:

Ո՞ր հռչակավոր ակումբում կցանկանայիր խաղալ:

Մադրիդի «Ռեալում»:

Երբեւէ մարզիչ դառնալու մասին մտածե՞լ ես:

Մարզչական գործունեությամբ կսկսեմ զբաղվել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

Քրիստինա Խաչատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։