17:46  +04,  7 մայիսի, 2019

Սմբատ Լպուտյան․ Որեւէ խնդրի առաջ չեմ կանգնում՝ աշխատելով Սերժ Սարգսյանի եւ ներկայիս իշխանության հետ

Որեւէ խնդրի առաջ չեմ կանգնում՝ աշխատելով Սերժ Սարգսյանի եւ ներկայիս իշխանության հետ: Մենք ծառայում ենք մեր երկրին, չենք ծառայում անձերի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանը:

Ծաղկաձորում մայիսի 7-8-ն անցնում է «Շախմատային կրթության արդի վիճակը եւ զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողով, որին ներկա են  ՖԻԴԵ-ի փոխնախագահ Նայջել Շորթը, հունգարացի լեգենդար շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Յուդիտ Պոլգարը եւ շախմատային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ:

Միջազգային գիտաժողովը կազմակերպել են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

Ըստ Սմբատ Լպուտյանի, գիտաժողով միտված է Հայաստանի եւ տարբեր երկրների՝ շախմատը դպրոցում ծրագրի փորձերի փոխանակման:

«Այսօր շատերը ցանկանում են շախմատային կրթությունն ընդգրկել իրենց երկրում եւ եկել են այստեղ լսել աշխարհի բոլոր այն երկրները, որտեղ դրա շուրջ աշխատանքներ են կատարվել: Ուզում են լսել մասնավորապես Հայաստանի փորձը եւ մտքերի փոխանակում կատարել:

Հուսով եմ, որ երկրի ներկայիս կառավարությունը տեսնում է շախմատի կարեւորությունը կրթության համակարգում եւ լսում են այստեղ դրա շուրջ քննարկումները: Մտահոգ չեմ, որ դպրոցներում շախմատ առարկան կանգնի հիմնական ծրագրից դուրս մնալու խնդրի առաջ: Ես չեմ վստահեցնողը, որ ապագայում կպահպանվի առարկայի ուսուցումը, դա կրթության նախարարության եւ երկրի կառավարության որոշելիքն է»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Անդրադառնալով Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի շուրջ ստեղծված կոնֆլիկտին, ՀՇՖ փոխնախագահը նշեց, որ բազմաթիվ քննարկումներ է ունեցել թեմայի շուրջ:

«Մի քանի անգամ բանակցություններ քննարկումներ ենք ունեցել այս թեմայի շուրջ: Լիահույս ենք, որ այդ բանակցությունները պետք է դրական արդյունք ցույց տան, իսկ մնացածն արդեն ժամանակը ցույց կտա: Ֆեդերացիայի դիրքորոշումն այն է, որ Ռաֆայել Վահանյանը պետք է շարունակի պաշտոնավարել դպրոցի տնօրենի պաշտոնում: Կարծում եմ՝ բանակցությունները քաղաքապետարանի հետ կհանգեցնենք մեզ ցանկալի արդյունքի: Իրականում ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր է, դա է ճիշտը, որ Ռաֆայել Վահանյանի դպրոցը գլխավորի Ռաֆայել Վահանյանը»,- նշեց Սմբատ Լպուտյանը:

Հարցին, թե միտում չի տեսնում քաղաքապետարանի քայլերում՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը ֆեդերացիայի նախագահի դերում, Լպուտյանը պատասխանեց:

«Դժվարանում եմ այդ հարցին պաասխանել։ Չեմ կարծում, թե միտումնավոր քայլ լինի քաղաքապետարանի կամ, առհասարակ, կառավարության կողմից: Ուղղակի պետք է այս հարցը շատ ավելի խորն ընկալել, վերլուծել, հասկանալ դրա դրական եւ բացասական կողմերը: Այն խնդիրները, որոնք կան ներկայում շախմատում, որոնք երբեք նախկինում չեն եղել, հույս ունենք՝ ժամանակի ընթացքում կհարթվեն»։

Սմբատ Լպուտյանը նկատեց, որ որեւէ խնդրի առաջ չի կանգնում՝ աշխատելով թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ թե ներկայիս իշխանության հետ:

«Մենք ծառայում ենք մեր երկրին: Մենք չենք ծառայում որեւէ անձանց: Դրա համար ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Մենք անում ենք այն գործը, որը որ պետք է, ցանկալի է երկրի զարգացման համար: Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է եւ շարունակում է մնալ նախագահ»,- ամփոփեց Սմբատ Լպուտյանը:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: