17:46 7 մայիսի, 2019Որեւէ խնդրի առաջ չեմ կանգնում՝ աշխատելով Սերժ Սարգսյանի եւ ներկայիս իշխանության հետ: Մենք ծառայում ենք մեր երկրին, չենք ծառայում անձերի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանը:
Ծաղկաձորում մայիսի 7-8-ն անցնում է «Շախմատային կրթության արդի վիճակը եւ զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողով, որին ներկա են ՖԻԴԵ-ի փոխնախագահ Նայջել Շորթը, հունգարացի լեգենդար շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Յուդիտ Պոլգարը եւ շախմատային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ:
Միջազգային գիտաժողովը կազմակերպել են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:
Ըստ Սմբատ Լպուտյանի, գիտաժողով միտված է Հայաստանի եւ տարբեր երկրների՝ շախմատը դպրոցում ծրագրի փորձերի փոխանակման:
«Այսօր շատերը ցանկանում են շախմատային կրթությունն ընդգրկել իրենց երկրում եւ եկել են այստեղ լսել աշխարհի բոլոր այն երկրները, որտեղ դրա շուրջ աշխատանքներ են կատարվել: Ուզում են լսել մասնավորապես Հայաստանի փորձը եւ մտքերի փոխանակում կատարել:
Հուսով եմ, որ երկրի ներկայիս կառավարությունը տեսնում է շախմատի կարեւորությունը կրթության համակարգում եւ լսում են այստեղ դրա շուրջ քննարկումները: Մտահոգ չեմ, որ դպրոցներում շախմատ առարկան կանգնի հիմնական ծրագրից դուրս մնալու խնդրի առաջ: Ես չեմ վստահեցնողը, որ ապագայում կպահպանվի առարկայի ուսուցումը, դա կրթության նախարարության եւ երկրի կառավարության որոշելիքն է»,- ասաց Սմբատ Լպուտյանը:
Անդրադառնալով Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի շուրջ ստեղծված կոնֆլիկտին, ՀՇՖ փոխնախագահը նշեց, որ բազմաթիվ քննարկումներ է ունեցել թեմայի շուրջ:
«Մի քանի անգամ բանակցություններ քննարկումներ ենք ունեցել այս թեմայի շուրջ: Լիահույս ենք, որ այդ բանակցությունները պետք է դրական արդյունք ցույց տան, իսկ մնացածն արդեն ժամանակը ցույց կտա: Ֆեդերացիայի դիրքորոշումն այն է, որ Ռաֆայել Վահանյանը պետք է շարունակի պաշտոնավարել դպրոցի տնօրենի պաշտոնում: Կարծում եմ՝ բանակցությունները քաղաքապետարանի հետ կհանգեցնենք մեզ ցանկալի արդյունքի: Իրականում ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր է, դա է ճիշտը, որ Ռաֆայել Վահանյանի դպրոցը գլխավորի Ռաֆայել Վահանյանը»,- նշեց Սմբատ Լպուտյանը:
Հարցին, թե միտում չի տեսնում քաղաքապետարանի քայլերում՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը ֆեդերացիայի նախագահի դերում, Լպուտյանը պատասխանեց:
«Դժվարանում եմ այդ հարցին պաասխանել։ Չեմ կարծում, թե միտումնավոր քայլ լինի քաղաքապետարանի կամ, առհասարակ, կառավարության կողմից: Ուղղակի պետք է այս հարցը շատ ավելի խորն ընկալել, վերլուծել, հասկանալ դրա դրական եւ բացասական կողմերը: Այն խնդիրները, որոնք կան ներկայում շախմատում, որոնք երբեք նախկինում չեն եղել, հույս ունենք՝ ժամանակի ընթացքում կհարթվեն»։
Սմբատ Լպուտյանը նկատեց, որ որեւէ խնդրի առաջ չի կանգնում՝ աշխատելով թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ թե ներկայիս իշխանության հետ:
«Մենք ծառայում ենք մեր երկրին: Մենք չենք ծառայում որեւէ անձանց: Դրա համար ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Մենք անում ենք այն գործը, որը որ պետք է, ցանկալի է երկրի զարգացման համար: Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է եւ շարունակում է մնալ նախագահ»,- ամփոփեց Սմբատ Լպուտյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.