19:06  ,  25 մարտի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց․ Ֆինլանդիայի թիմը լավ ֆուտբոլ է խաղում եւ բոսնիացիներից տարբերությունը շատ չէ (LIVE, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Երեւանում անցկացված նախախաղային ասուլիսում խոսեց Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի հանդիպման մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Սա մեր պատկերացրած Ֆինլանդիայի հավաքականը չէ, որը խաղում էր երկար փոխանցումներով: Ֆինլանդիայի թիմը շատ է առաջադիմել եւ խաղում է լավ ֆուտբոլ: Ազգերի լիգայում նրանք խմբում գրավեցին առաջին տեղը՝ առաջ անցնելով Հունգարիայից ու Հունաստանից: Նրանց եւ բոսնիացիների միջեւ խաղային տարբերությունը շատ չէ, բայց խաղաոճերը տարբեր են:

Հայկական ֆուտբոլն ունի մեծ պոտենցիալ: Հաղթանակի հանդեպ հավատը պետք է խաղացողներին ներարկենք պատանեկան ֆուտբոլից: Մեծ հավատով պետք է խաղալ պատանեկան տարիքից, որպեսզի հաջողություններ գրանցեն: Պետք է այնպես անենք, որ պատանեկան տարիքից ֆուտբոլիստները հավատան իրենց ուժերին եւ ազգային հավաքական գան հաղթողի հոգեբանությամբ:

Ունենք վատառողջ եւ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ: Առջեւի գծում կարողանում ենք ռոտացիա կատարել, իսկ հենակետային կիսապաշտպանի գոտում դա մի քիչ բարդ է: Այդ պատճառով վաղը որոշում կկայացնենք մարտավարության ու կազմի հարցում:

Յուրա Մովսիսյանը չի մարզվում եւ չի հայտավորվի նաեւ վաղվա հանդիպմանը: Արամ Հայրապետյանը լավ հանդես եկավ նախորդ խաղում: Քիչ խաղային պրակտիկա ուներ նաեւ Կառլեն Մկրտչյանը, սակայն նա նույնպես մեծ աշխատանք կատարեց, ինչպես նաեւ Գեւորգ Ղազարյանը:

Նվիրվածության հաշվին հնարավոր եղավ լրացնել խաղային պրակտիկայի բացակայությունը: Մեր խաղացողները դաշտ են դուրս գալու մեծ ցանկությամբ: Գլխավորն այն է, որ կարողանանք ուրախացնել մեր ազգին:

Վարազդատ Հարոյանն ունի մարտիկի բնավորություն: Նախորդ խաղից առաջ նա ուներ բարձր ջերմություն, սակայն դա կարգավորվեց եւ նա դաշտ դուրս եկավ:

Բալեկյանի մասին կասեմ, որ Հարավային Ամերիկայից եկող ֆուտբոլիստների համար բարդ է, քանի որ նրանք մեծ ճանապարհ են անցնում: Կարծում եմ՝ նա լավ աշխատեց բոսնիացիների դեմ խաղում:

Արտակ Գրիգորյանը եւ Կառլեն Մկրտչյանը նախորդ խաղին շատ օգնեցին պաշտպաններին, այդ պատճառով քիչ ստեղծեցին գոլային պահեր: Կցանկանայի, որ Արտակ Գրիգորյանի մոտ փոխանցումների խոտանն ավելի քիչ լիներ:

Երիտասարդ խաղացողներին շանս տալու մասին կասեմ, որ ինձ ճանաչողները գիտեն, որ ես միշտ հնարավորություն տալիս եմ երիտասարդներին: Կան մի շարք երիտասարդ խաղացողներ, որոնց ցանկանում եմ ընդգրկել ազգային հավաքականի կազմում: Իմ նպատակներից է, որ այդ խաղացողներին կարողանանք հավաքական բերել ոչ թե արհեստականորեն, այլ սահուն կերպով:

Կազմի հարցում որոշում կընդունենք վաղը, երբ հասկանանք, թե ովքեր ունեն վնասվածքներ եւ ովքեր են պատրաստ: Ասեմ, որ 2 հարձակվողներով սխեման դեռ չի համապատասխանում մեզ: Բոսնիացիների դեմ ցանկանում էինք հասնել լավ արդյունքի, սակայն չստացվեց: Հուսանք, որ դա անել կստացվի վաղվա խաղում»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինայի թիմին, իսկ Ֆիլնադիայի հավաքականը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով