23:12  +04,  22 մարտի, 2019

Էդին Ջեկո. Հայաստանի հավաքականի դեմ խաղը յուրահատուկ է ինձ համար եւ միշտ կմնա իմ սրտում

Ֆուտբոլի Բոսնիայի եւ Հերցեգովինայի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն Սարաեւոյում անցկացված նախախաղային ասուլիսում խոսեց Հայաստանի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղի սպասելիքներից, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Սա շատ կարեւոր հանդիպում է, քանի որ 100-րդ անգամ եմ խաղադաշտ դուրս գալու ազգային թիմի մարզաշապիկով: Ես կարիերաս սկսել եմ այս ստադիոնում, որը շատ հարազատ է ինձ համար: Այդ պատճառով Հայաստանի հավաքականի դեմ խաղը յուրահատուկ կլինի ինձ համար եւ միշտ կմնա իմ սրտում: Կփորձեմ արդյունավետ խաղով աչքի ընկնել այս ընտրական փուլի ընթացքում։

Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, բնականաբար, լավագույնը՝ Հայաստանում: Այն, որ նա խաղում է «Արսենալում», իսկ նախկինում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», շատ բանի մասին է խոսում: Հուսով եմ, որ Մխիթարյանը մեզ համար խնդիրներ չի ստեղծի վաղվա խաղում, իսկ մյուսների դեմ խաղերում՝ կանի դա»,- նշեց Էդին Ջեկոն, որը Հայաստանի դեմ խաղում 100-րդ հանդիպումը կանցկացնի Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի կազմում:

33-ամյա Ջեկոն Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ 55 գոլ է խփել ազգային թիմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով