23:12 22 մարտի, 2019Ֆուտբոլի Բոսնիայի եւ Հերցեգովինայի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն Սարաեւոյում անցկացված նախախաղային ասուլիսում խոսեց Հայաստանի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղի սպասելիքներից, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Սա շատ կարեւոր հանդիպում է, քանի որ 100-րդ անգամ եմ խաղադաշտ դուրս գալու ազգային թիմի մարզաշապիկով: Ես կարիերաս սկսել եմ այս ստադիոնում, որը շատ հարազատ է ինձ համար: Այդ պատճառով Հայաստանի հավաքականի դեմ խաղը յուրահատուկ կլինի ինձ համար եւ միշտ կմնա իմ սրտում: Կփորձեմ արդյունավետ խաղով աչքի ընկնել այս ընտրական փուլի ընթացքում։
Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, բնականաբար, լավագույնը՝ Հայաստանում: Այն, որ նա խաղում է «Արսենալում», իսկ նախկինում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», շատ բանի մասին է խոսում: Հուսով եմ, որ Մխիթարյանը մեզ համար խնդիրներ չի ստեղծի վաղվա խաղում, իսկ մյուսների դեմ խաղերում՝ կանի դա»,- նշեց Էդին Ջեկոն, որը Հայաստանի դեմ խաղում 100-րդ հանդիպումը կանցկացնի Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի կազմում:
33-ամյա Ջեկոն Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ 55 գոլ է խփել ազգային թիմում:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:
J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:
Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:
Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից
NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.