Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հանգստյան օրերին ազգային առաջնություններում մասնակցել են հանդիպումների։
Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 20-րդ տուրում «Ուրալը» տանը նվազագույն հաշվով պարտվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Եկատերինբուրգի թիմի կազմում 85-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել պաշտպան Վարազդատ Հարոյանը։
«Ենիսեյը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել է Տուլայի «Արսենալին»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, հարձակվող Արթուր Սարկիսովը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը։
Լյուքսեմբուրգի առաջնության 17-րդ տուրում «Պրոգրեսը» տանը նվազագույն հաշվով պարտվել է «Համ Բենֆիկային»։ Գոլային փոխանցման հեղինակ է դարձել հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։
Կիպրոսի առաջնության հերթական տուրում «Էնոսիսը» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթել է «Էրմիսին»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Մակեդոնիայի առաջնության 25-րդ տուրում «Ռաբոտնիչկին» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Շկենդիային»։ Հյուրերի կազմում ամբողջ խաղն անցկացրել է կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։
Շվեդական «Գյոտեբորգը» ստուգողական խաղում 1։1 հաշվով է խաղացել «Վարբերգի» հետ։ «Գյոտեբորգի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է պաշտպան Անդրե Կալիսիրը։
Բելառուսական «Լուչը» ստուգողական խաղում մրցել է ուկրաինական «Վոլինի» հետ։ Թիմերը մեկական գոլ են փոխանակել։ «Լուչի» կազմում երկրորդ խաղակեսին մասնակցել է դարպասապահ Արսեն Բեգլարյանը։
Յուրչենկոյից, Սարկիսովից եւ Մանոյանից բացի, բոլոր նշված ֆուտբոլիստները հրավեր են ստացել ազգային թիմից եւ կպատրաստվեն Բոսնիա-Հերցեգովինայի (մարտի 23) եւ Ֆինլանդիայի (մարտի 26) դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում