18:40  ,  3 հունվարի, 2019

«Արսենալ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման ժամանակ Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան: Բելգիայում բնակվող Սպարտակ անունով երկրպագուն մոտ 20 տարի չէր եղել Հայաստանում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը:

«Զվարթնոց» օդանավակայանում Սպարտակին դիմավորել են ՖԱՖ-ի երկրպագուները:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայ երկրպագուին ամիջապես հեռացրել էին խաղադաշտից: Այդ խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով