Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթողի կոչումը նվաճեց Շվեյցարիայի հավաքականը:
Խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում շվեյցարացիները տանը 5:2 հաշվով կամային հաղթանակ տարան Բելգիայի հավաքականի նկատմամբ: 17-րդ րոպեին բելգիացիները հաղթում էին 2:0 հաշվով, սակայն չկարողացան պահպանել առավելությունը: Դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Հարիս Սեֆերովիչը:
Շվեյցարիայի եւ Բելգիայի հավաքականները հավաքեցին 9-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով խմբում առաջին տեղը գրավեցին շվեյցարացիները: Խմբում երրորդ տեղը գրավեց Իսլանդիայի հավաքականը, որը պարտվեց բոլոր խաղերում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
C դիվիզիոնի երկրորդ խմբում հաղթեց Ֆինլանդիայի հավաքականը, որը վերջին տուրում 0:2 հաշվով պարտվեց հունգարացիներին: Խմբի մյուս խաղում հույները տանը նվազագույն հաշվով պարտվեցին Էստոնիայի հավաքականին: Ֆինլանդիան հավաքեց 12 միավոր, Հունգարիան՝ 10, Հունաստանը՝ 9, իսկ Էստոնիան՝ 4: Հաջորդ մրցաշրջանում Ֆինլանդիայի հավաքականը կբարձրանա B դիվիզիոն:
Ազգերի լիգա, 6-րդ տուր
A դիվիզիոն
Երկրորդ խումբ
Շվեյցարիա – Բելգիա՝ 5:2 (տեսանյութ)
Ռիկարդո Ռոդրիգես, 26 (11մ), Հարիս Սեֆերովիչ, 31, 44, 84, Նիկո Էլվեդի, 62 – Տորգան Ազար, 2, 17
C դիվիզիոն
Երկրորդ խումբ
Հունաստան – Էստոնիա՝ 0:1
Կոստաս Լամբրոպուլոս, 44 (ինքնագոլ)
Հունգարիա – Ֆինլանդիա՝ 2:0
Ադամ Սալաի, 29, Ադամ Նագի, 37
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում