12:23  +04,  12 նոյեմբերի, 2018

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք (ֆոտոշարք)

Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի հետ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից վերադարձան Հայաստան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Զվարթնոց» օդանավակայանում Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոններին սպասում էին մեծ շուքով: «Զվարթնոցի» ժամանման սրահում իսկական տոն էր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուները տոնում էին 8 տարվա դադարից հետո աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը մեծ ոգեւորություն էր բերել նրա ծննդավայր Էջմիածնի Հայկաշեն գյուղում: Օդանավակայանի սպասասրահում հայկաշենցիները զուռնա-դհոլով, փուչիկներով, պաստառներով սպասում էին չեմպիոնի դուրս գալուն: Հավաքվածների մեջ, սակայն, ամենահուզվածը Սիմոնի ծնողներն էին:

Հայ ծանրորդներին դիմավորելու էին եկել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, մարզիկների ծնողները, բարեկամները, ընկերները եւ երկրպագուներ: Չեմպիոնին եւ փոխչեմպիոնին դափնեպսակները հանձնեց Գագիկ Ծառուկյանը: Մարզիկները չեմպիոններին վայել դիմավորման արժանացան: Ծանրորդները երկար ժամանակ չէին կարողանում լքել օդանավակայանը, քանի որ հավաքվածներից շատերը ցանկանում էր լուսանկարվել եւ ինքնագիր ստանալ նրանցից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին երկամարտում: Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում, իսկ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ պոկում վարժությունում:

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակեցին Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

87 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս