15:10  ,  22 հոկտեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Այս մրցաշարում հաղթելը մանկությանս երազանքն էր (ֆոտո)

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը Մոսկվայում ավարտված Կրեմլի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով: Եզրափակիչում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 6:2, 6:2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին եւ նվաճել կարիերայի երրորդ տիտղոսը ATP շարքի մրցաշարերում:

«Ցանկանում եմ Ադրիանին շնորհավորել եզրափակիչին մասնակցելու առթիվ: Ներողություն, որ այսպես ստացվեց: Նրան հաջողություն եմ մաղթում մրցաշրջանի մնացած մրցաշարերում:

Շնորհավորում եմ կնոջս՝ Վերոնիկային, մարզիչիս՝ Վեդրանին, ծնողներիս, տատիկներիս, պապիկներիս, բոլոր ընկերներիս, եղբայրներիս, քույրերիս ու ֆիթնես մարզիչիս, որը, ցավոք, չէր կարողացել գալ այս մրցաշարին: Ես ճանապարհորդում եմ ամբողջ տարվա ընթացքում, եւ ընտանիքս միշտ աջակցում է ինձ:

Երբ դեռ երեխա էի, գալիս էի «Օլիմպիյսկի», նայում մեր առաջատար խաղացողներին ու ինքագրեր խնդրում նրանցից: Միշտ երազել եմ հաղթել այս մրցաշարում, եւ այդ օրը եկավ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս մեկ շաբաթվա ընթացքում գալիս էին մեր խաղերը դիտելու: Դա անմոռանալի պահ էր: Այսպիսի աջակցությամբ ամեն բան հնարավոր է»,- Խաչանովի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակի շնորհիվ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում բարձրացել էր իր համար ռեկորդային19-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում