12:12  ,  17 օգոստոսի, 2018

«Մաքաբիի» գլխավոր մարզիչ. Բարդ հանդիպում էր կազմակերպված թիմի դեմ

Թել Ավիվի «Մաքաբիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկի» նկատմամբ տնային հաղթանակը, որի պատճառով հայկական ակումբը լքեց պայքարը:

«Բարդ հանդիպում էր մի թիմի դեմ, որը կազմակերպված է գործում եւ խաղում հակագրոհներով: Բաց թողած գոլից հետո կորցրեցինք կենտրոնացվածությունը, սակայն ստեղծեցինք մի շարք գոլային պահեր ու խփեցինք 2 գոլ: Պետք է ավելի կենտրոնացված լինենք ամբողջ խաղի ընթացքում:

Ցանկանում ենք խաղադաշտում գերիշխել 90 րոպեների ընթացքում, սակայն դեռ չի ստացվում: Դեռ նախապատրաստական փուլում ենք եւ գիտենք, թե որտեղ պետք է ավելացնենք:

Իսրայելական ֆուտբոլի համար լավ չէ, որ մենք միակ ներկայացուցիչն ենք եվրագավաթներում: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր թիմ առաջադիմի: Հիմա կկենտրոնանանք կիրակնօրյա խաղի վրա, իսկ հետո կմտածենք հաջորդ փուլի մասին»,- սերբ մասնագետի խոսքը մեջբերում է «Մաքաբիի» կայքը:

Հիշեցնենք, որ Թել Ավիվում կայացած պատասխան խաղում Իսրայելի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Երեւանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը:

«Փյունիկը» հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբն է, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում:

Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում «Մաքաբին» կհանդիպի նորվեգական «Սարպսբորգին», որը պայքարից դուրս թողեց խորվաթական «Ռիեկային» (1:1, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով