20:18  ,  6 օգոստոսի, 2018

Պետրոս Ավետիսյանը եւ Անդրեյ Տալալաեւը՝ «Մաքաբիի» դեմ հանդիպման մասին  

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը եւ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են Թել Ավիվի «Մաքաբիի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպման մասին։

Անդրեյ Տալալաեւ․ «Յուրաքանչյուր փուլում մրցում ենք ավելի ուժեղ մրցակցի հետ։ Առաջին փուլում մեզ բաժին հասավ «Վարդարը», որն ունի անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, սակայն թիմային խաղը կաղում էր նրանց մոտ։ «Տոբոլի» մոտ հակառակն էր։ «Մաքաբիում» կան անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ եւ թիմային խաղ։ Նրանք նաեւ մեծ փորձ ունեն եվրագավաթներում։ Բյուջեի մասին չխոսեմ։ Առավելություններից կարող եմ նշել նաեւ նրանց մարզիչին։ Մենք ծանոթ չենք, բայց ընդհանուր ընկերներ ունենք։ Նա իր նախորդ թիմերի հետ հասել է մեծ հաջողությունների եւ հիմա էլ նույնն անում է «Մաքաբիի» հետ։ Մենք հարգում ենք մրցակցին, սակայն, ինչպես Պետրոսն ասաց, ոչ ոքից չենք վախենում»։

Պետրոս Ավետիսյան․ «Ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել առաջիկա խաղին։ Երեւի, հույզերն էին պատճառը, որ կարմիր քարտ ստացա «Տոբոլի» դեմ նախորդ խաղում։ Դա կարիերայիս առաջին կարմիր քարտն էր։ Ամեն դեպքում, մենք արդեն երրորդ փուլում ենք եւ պատրաստվում ենք առաջիկա խաղերին։ Թիմում լավ մթնոլորտ է։ Գիտենք, որ ծանր հանդիպում է սպասվում, բայց հաղթանակը իրատեսական է։ Թիմն անմնացորդ նվիրումով է դուրս գալու խաղադաշտ։ Բոլոր մարզիչներն էլ տարբերվում են։ Եկել է նոր մարզիչ եւ իր հետ բերել նորություն։ Մեր նոր մարզիչի հետ մեծ աշխատանք ենք կատարել, արդյունքը տեսնում եք։ Մենք երրորդ փուլում ենք եւ կփորձենք հաղթել նաեւ այս փուլում»։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» ու «Մաքաբիի» միջեւ առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 16-ին Իսրայելում: Իսրայելի նախորդ առաջնության բրոնզե մեդալակրի արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը:

Նախկինում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել դուրս գալ եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով