22:31  ,  5 օգոստոսի, 2018

Ոսկե սերունդը. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն ունեցավ Եվրոպայի 3 չեմպիոն (ֆոտո)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով՝ հանդես գալով 8 ըմբիշով: Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը:

Եվրոպայի երիտասարդական չեմպիոն հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին նաեւ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան: 

Հատկանշական է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր՝ 8 ըմբիշները Եվրոպայի առաջնությունում անցկացրին մեդալի համար գոտեմարտ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը Եվրոպայի առաջնությունից առաջ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ վերջին 10-20 տարիներին Հայաստանը չի ունեցել այսպիսի երիտասարդներ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) արժանացել էին արծաթե մեդալի: 

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում