14:10  ,  3 օգոստոսի, 2018

ԵԱ. Կանանց պայքարում ըմբշամարտի Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչն անհաջող է հանդես եկել

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց պայքարում Հայաստանն ունեցել է մեկ ներկայացուցիչ, որն անհաջող է հանդես եկել:

Ժենյա Խաչատրյանն ուժերը փորձել է 59 քաշային կարգում եւ մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել է հունգարացի Էրիկա Բոգնարին: Հունգարացի ըմբիշն էլ իր հերթին 1:12 հաշվով պարտություն է կրել հաջորդ փուլում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը:

Օգոստոսի 3-ին պայքարը սկսել է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը մրցավայր է մեկնել 8 ըմբիշով: Այսօր հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ): Հայաստանի թիմի կազմում Իտալիա են մեկնել նաեւ Վազգեն Թեւանյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում