22:21  ,  5 օգոստոսի, 2018

ԵԱ. Հովհաննես Մաղաքյանը երրորդ ոսկե մեդալը բերեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմին (ֆոտոշարք)

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ երրորդ ոսկե մեդալը բերելով Հայաստանի թիմին:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության գերծանր քաշայինների պայքարի եզրափակիչում Հովհաննես Մաղաքյանը 4:2 հաշվով հաղթեց ուկրաինացի Յուրի Իդզինսկուն:

Մաղաքյանը պայքարը սկսել էր օգոստոսի 4-ին, երբ վրացի (7:3) ու ադրբեջանցի (5:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում 8:2 հաշվով ուժեղ էր գտնվել լեհ Յակուբ Բրիլեւսկուց:

Սա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 5-րդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Օգոստոսի 5-ին Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչումը նվաճել էր նաեւ 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, որը եզրափակիչում 5:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային: Նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել նաեւ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Օգոստոսի 4-ին բրոնզե մեդալակիր էին դարձել Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ):

Օգոստոսի 5-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին նաեւ Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան: 

Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտում 18:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Եվգենի Դուբովիին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում 5:10 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Իսմայիլ Աբդուլաեւից:

Մհեր Մարկոսյանը սփոփիչ գոտեմարտում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց ադրբեջանցի Իսլամ Իլյասովից, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:8 հաշվով պարտվեց վրացի Դեմուր Մեգենիշվիլուն:

Հատկանշական է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր՝ 8 ըմբիշները Եվրոպայի առաջնությունում անցկացրին մեդալի համար գոտեմարտ: Հայաստանի թիմը ելույթն ավարտեց 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) արժանացել էին արծաթե մեդալի: 

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում