13:21  ,  4 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» մրցակիցը բաժանվել է հարձակման գծի առաջատարներից մեկից

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երեւանի «Ալաշկերտի» մրցակից ռումինական «Կլուժից» հեռացել է սենեգալցի հարձակվող Իբրաիմա Բալդեն: Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ:

29-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական «Օվյեդո», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի կայքը:

Իբրաիմա Բալդեն 2017 թվականի ամռանն էր տեղափոխվել «Կլուժ», որի հետ դարձավ Ռումինիայի չեմպիոն: Ռումինիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 13 խաղի եւ դարձել 4 գոլի հեղինակ: Նախկինում Բալդեն հանդես է եկել նաեւ Մադրիդի «Աթլետիկոյում», իսպանական «Նյումանսիայում» ու «Օսասունայում», Կրասնոդարի «Կուբանում» եւ ֆրանսիական «Ռեյմսում»:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» ու «Կլուժի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Ռումինիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով