23:46  ,  31 հուլիսի, 2018

Անդրեյ Տալալաեւ․ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները լավ խաղացին, բայց արդյունքն ապահովեց թիմը

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ղազախական «Տոբոլի» նկատմամբ տնային հաղթանակը, որը հայկական ակումբին դուրս բերեց հաջորդ փուլ, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Միայնակ ոչինչ անել հնարավոր չէ։ Մենք աստիճանաբար թիմ ենք ստեղծում։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր դերն է ունենում, և ինձ դուր է գալիս, որ գնալով լրագրողները նույնպես շատանում են։ Մենք ամեն ինչ վերլուծել էինք առաջին խաղից հետո, եւ ինչ-որ առումով գիտեինք ինչ սպասել մրցակցից։ Տակտիկական փոփոխություններ կատարեցինք և ստացվեց։

Ուրախ եմ, որ տղաները կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը՝ առաջին խաղակեսում «Տոբոլին» թույլ չտալով անցկացնել արագ հակագրոհներ։ Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում մենք բավականաչափ պահեր ունեինք, որպեսզի գոլեր խփեինք։ Մեր թիմում խաղ են ստեղծում բոլորը՝ բոլոր աշխատակիցները։ Ոչ մի ֆուտբոլիստ կամ մարզիչ ոչինչ չի կարող անել միայնակ։ Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ խաղ ցուցադրեցինք։ Այո, փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները լավ խաղացին, բայց արդյունքն ապահովեց թիմը։ Ես կցանկանայի համալրումներ։ «Ալաշկերտից» և «Արցախից» կան ֆուտբոլիստներ, որոնց կցանկանայի տեսնել «Փյունիկում»։ Կա նաև ռուս եզրային պաշտպան Սերգեյ Կոլիչևը, որի հետ ես աշխատելու փորձ ունեմ։ Գին-որակ համադրությամբ նա լավագույն տարբերակն է։ Ինձ ձախլիկ ֆուտբոլիստ է պետք, և նա կարող է լինել այդ ֆուտբոլիստը»,- հետխաղյա ասուլիսում ասել է ռուս մասնագետը։

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում հայկական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։ Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով