22:10  +04,  25 հուլիսի, 2018

«Փյունիկի» լեգեոնականները ստացել են Ղազախստանի վիզա, սակայն կարող են չհասցնել «Տոբոլի» դեմ խաղին

Երեւանի «Փյունիկի» 5 լեգեոնականները հուլիսի 25-ի երեկոյան ստացել են Ղազախստանի մուտքի վիզա: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակիցը տեղեկացավ «Փյունիկի» մամուլի ծառայությունից:

«Փյունիկից» հայտնեցին, որ ֆուտբոլիստները Երեւանում հուլիսի 25-ին վիզա են ստացել Երեւանի ժամանակով 20:00-ի սահմաններում, երբ թիմն արդեն Ղազախստանում էր եւ անցկացրել էր նախախաղային մարզում: Դեռ հարցականի տակ է, թե արդյոք թիմի առաջատար խաղացողները կհասցնեն ղազախական «Տոբոլի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը, քանի որ կան Երեւանից Ղազախստան հասնող չվերթների հետ կապված խնդիրներ: Եթե խաղացողները վիզա ստանային մի քանի ժամ շուտ, ապա կարող էին Ղազախստան մեկնել Մոսկվայով:

NEWS.am Sport-ի թղթակիցը ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Հայաստանում Ղազախստանի հյուպատոսությունից:

«Դրանք սովորական հյուպատոսական հարցեր են, մարդիկ եկել են վիզա ստանալու: Արտասահմանցիները պետք է ստանան վիզա, այդպես է կարգը: Ֆուտբոլիստներն արդեն ստացել են վիզա եւ հեռացել: Բոլորն ունեն օրենսդրական կանոններ, որոնց համաձայն արտասահմանցիները ստանում են վիզա: Հայաստանի քաղաքացիները կարող են Ղազախստան ժամանել առանց վիզայի, իսկ մյուս արտասահմանցիների համար անհրաժեշտ է մուտքի վիզա: Ղազախստանում պետք է հրավերներ ձեւակերպեին նրանց համար, սակայն նրանք ուշ են արել դա: Ես չեմ կարող ասել, թե ինչու է այդպես ստացվել: Նրանք Ղազախստանում կհստակեցնեն այդ հարցերը: Մենք վիզա ենք տրամադրում հրավերի հիման վրա: Վիզայի համար անհրաժեշտ են հիմքեր: Մենք ստացանք հիմքեր եւ տրամադրեցինք վիզա»,- զրույցում նշեց Հայաստանում Ղազախստանի հյուպատոս Կարլիգաշ Ադիետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկի» հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու սերբ դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը Ղազախստանի վիզա չստանալու պատճառով թիմի հետ չեն մեկնել «Տոբոլի» դեմ արտագնա խաղին, որը կկայանա հուլիսի 26-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, Ղազախստանի Կոստանայ քաղաքում: 

«Փյունիկն» արդեն ժամանել է Ղազախստան եւ անցկացրել նախախաղային մարզում:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ