18:58  ,  25 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա. Անդրեյ Տալալաեւի եւ Ռուսլան Կորյանի ասուլիսն ու «Փյունիկի» նախախաղային մարզումը Ղազախստանում (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը ղազախական «Տոբոլի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսում չի ցանկացել մեկնաբանել թիմի 5 առաջատար խաղացողներին Ղազախստանի մուտքի վիզա չտրամադրելու որոշումը:

«Ես չեմ մեկնաբանում: Մենք ունենք սեփականատեր, եւ եթե Արթուր Սողոմոնյանը ցանկանա, կմեկնաբանի արտասահմանցի ֆուտբոլիստների վիզայի հետ կապված խնդիրները։ Մեր թիմի կազմում կան բավականաչափ ֆուտբոլիստներ, որոնք կներդնեն բոլոր ուժերը, որպեսզի ստիպեն հարգել մեզ խաղադաշտում»,- նշել է մարզիչը:

Ասուլիսին ներկա է եղել նաեւ «Փյունիկի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, որը նշել է հետեւյալը. «Տրամադրվածությունը, ինչպես միշտ, մարտական է: Դիտել եւ վերլուծել ենք խաղերը եւ կարծում եմ, որ մեզ սպասվում են 2 հետաքրքիր հանդիպումներ»։

«Փյունիկն» արդեն Ղազախստանում նախախաղային մարզում է անցկացրել «Տոբոլի» դեմ հանդիպումից առաջ: Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման լուսանկարները:

Հիշեցնենք, որ «Տոբոլ» - «Փյունիկ» խաղը կկայանա հուլիսի 26-ին Ղազախստանի Կոստանայ քաղաքում: Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկի» հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու սերբ դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը չեն ստացել Ղազախստանի մուտքի վիզա եւ թիմի հետ չեն մեկնել «Տոբոլի» դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում