10:25  ,  24 հուլիսի, 2018

Ալեքսանդր Կարապետյան. «Գաբալայի» ֆուտբոլիստներն անպատվում էին ինձ խաղի ժամանակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի փոխչեմպիոն «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման ժամանակ ադրբեջանական «Գաբալայի» ֆուտբոլիստներն անպատվել են իրեն: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողն Ադրբեջան չէր մեկնել «Գաբալայի» դեմ առաջին խաղին, իսկ Լյուքսեմբուրգում կայացած պատասխան հանդիպմանը փոխարինման է դուրս եկել առաջին խաղակեսում (29-րդ րոպեին):

«Տոնում ենք «Գաբալայի» նկատմամբ հաղթանակը, որը մեզ դուրս բերեց հաջորդ փուլ: Սա, իրոք, մեծ իրադարձություն է մեզ համար: Այս 2 խաղերը շատ բարդ էին: «Գաբալան» լավ մրցակից է:

Ի դեպ, այն բանից հետո, երբ ես դուրս եկա խաղադաշտ, մրցակիցը սկսեց ավելի ագրեսիվ գործել: Դա ուղղված էր ոչ թե ամբողջ թիմին, այլ՝ միայն ինձ: Կնշեմ նաեւ, որ խաղի ժամանակ «Գաբալայի» ֆուտբոլիստներն անպատվում էին ինձ»,- Ալեքսանդր Կարապետյանի խոսքը մեջբերում է azerisport.com-ը:

Հիշեցնենք, որ 2 խաղերի արդյունքում «Պրոգրես Նիդերկորնը» հաղթել էր 2:1 հաշվով (2:0, 0:1) եւ դուրս եկել որակավորման երկրորդ փուլ: Լյուքսեմբուրգի ավարտված առաջնությունում Ալեքսանդր Կարապետյանը խփել էր 28 գոլ եւ երկրորդ տեղը գրավել ռմբարկուների ցուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով