13:59  ,  13 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Դրամատիկ կիսաեզրափակիչի հուշերով եւ անմոռանալի եզրափակիչի սպասումով (ֆոտո)

Աշխարհի առաջնությունը սահուն, բայց եւ տպավորիչ ընթացքով մոտենում է ավարտին: Ֆրանսիան ու Խորվաթիան կվիճարկեն աշխարհի գավաթը: Կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Բելգիա ձանձրալի պայքարից հետո Խորվաթիայի եւ Անգլիայի դիմակայությունը արդարացրեց սպասելիքները:

Խաղից առաջ անգլիացի երկրպագուները յուրօրինակ ֆլեշմոբով աջակցություն էին հայտնել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին, որի ղեկավարությամբ կերպարանափոխված թիմը երկար տարիների ընթացքում առաջին անգամ չեմպիոնության իրական հավակնորդ էր: Խաղից առաջ ֆանատները հագնվել էին Սաութգեյթի ոճով։ 47-ամյա անգլիացի մասնագետը նախընտրում է դասական ոճը՝ M&S բրենդի անթև բաճկոնով։ Հավանաբար, պատահական չէ ուշադրությունը Սաութգեյթի ոճի նկատմամբ, քանի որ նրա ղեկավարությամբ Անգլիայի թիմը եւս ցուցադրում է ոճային, կազմակերպված եւ կոկիկ խաղ:

Ստեղծագործ խաղից եւ հարձակման արագությունից բացի Սաութգեյթը կարողացել է լուծել անգլիական թիմի երկու ավանդական խնդիրները՝ պաշտպանությունն ու  դարպասապահի դիրքը: «Էվերտոնի» 24-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդը դրական տպավորություն թողեց: Թիմի նախկին դարպասապահներ Դեւիդ Սիմենի, Դեւիդ Ջեյմսի, Փոլ Ռոբինսոնի եւ Ջո Հարթի երբեմն ծաղրածուական սխալների ֆոնին, Պիկֆորդը լուրջ տեսք ունի:

Այժմ Անգլիայի հավաքականի պաշտպանության մասին: Սաութգեյթը եղել է պաշտպան եւ լավ է հասկանում պաշտպանության նրբությունները: Հավասարակշիռ եւ կարգապահ խաղը հենց գրագետ դասավորած պաշտպանության շնորհիվ էր: Պաշտպանական քառյակը (Ուոլքեր, Սթոունս, Մագուայր, Յանգ) ամեն ինչում լավն էր՝ ֆիզիկական տվյալներ, արագություն, կարգապահություն, օդային պայքար:

Անգլիական պաշտպանության խաղը բնութագրող օրինակելի դրվագ եղավ Խորվաթիայի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում: Քայլ Ուոլքերը վնասվածք ստացած պառկած էր սեփական տուգանային հրապարակում, իսկ ամեն գնով հաղթանակի ձգտող խորվաթները գնդակն ուղարկեցին հենց նրա գոտի, սակայն Ուոլքերը կարողացավ մի ակնթարթում ցատկել եւ գնդակը հեռացնել: Սիմուլյացիա՞ էր: Ոչ, ինքնազոհություն էր:

Այժմ խորվաթների մասին, որոնք դարձան երեկոյի եւ հետագայում էլ առաջնության գլխավոր հերոսները՝ անկախ եզրափակիչի արդյունքից, որը կլինի կիրակի:

Մի քանի տարի ասիական ակումբներում աշխատած 51-ամյա Զլատկո Դալիչին հաջողվել է ստեղծել իսկական թիմ, որը աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում հաղթանակ տարավ լրացուցիչ ժամանակից հետո: Երկու անգամ Խորվաթիայի թիմը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով: Իսկապես, պողպատե նյարդերի եւ աներեր թիմային ոգու վկայություն է:

Խորվաթիայի հավաքականում շատ են ամենաբարձր կարգի խաղացողներ, սակայն անարդար կլինի չառանձնացնել մաեստրո Լուկա Մոդրիչին, որը երբեմն աննկատ, երբեմն նկատելի, բայց մշտապես առաջ է տանում թիմին՝ փոխանցումներ է կատարում, գնդակ է խլում, արագացնում կամ գցում է խաղի տեմպը: Մադրիդի «Ռեալի» խաղացողին հատուկ ենք նշում, քանի որ կիսաեզրափակիչի գոլերը խփեցին ուրիշները. Իվան Պերիշիչը չափազանց կարեւոր եւ ճիշտ ժամանակին խփած գոլով խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Իսկ հերոսը Մարիո Մանջուկիչն էր, որը վնասվածք ստանալուց հետո շարունակեց պայքարը եւ խփեց հաղթական գոլը՝ «Բրավո, ՍուպերՄարիո»: Ֆանտաստիկ ինքնազոհության եւս մեկ վառ օրինակ:

Վերջում նշենք նաեւ հանդիպման մրցավար Ջունեթ Չակիրին: Սովորաբար մրցավարներին քննադատում են եւ հազվադեպ են գովում: Կոտրենք այս կարծրատիպը: Ընդունված է ասել, որ լավ մրցավարը աննկատ մրցավարն է: Թուրք մրցավարը կարողացավ եւ նկատելի լինել, եւ աննկատ: Նա ամեն վիճահարույց դրվագը պարզաբանում էր ֆուտբոլիստներին, ճիշտ ժամանակին կանխում էր բոլոր հնարավոր բախումները: Այդ ամենը միայն հիացմունք էր առաջացնում: Հազվադեպ է պատահում, որ ֆուտբոլիստները գրեթե չվիճարկեն մրցավարի որոշումները: Այդ երեկո այդպիսի դրվագներ գրեթե չեղան:

Այսպիսով, ռուսական մունդիալը մոտենում է ավարտին, մնաց երկու խաղ: Ֆրանսիան ու Խորվաթիան հուլիսի 15-ին կվիճարկեն աշխարհի գավաթը, իսկ Բելգիան ու Անգլիան կպայքարեն բրոնզե մեդալների համար հուլիսի 14-ին: Աշխարհը կարող է ունենալ նոր չեմպիոն: Խորվաթիան պատմության մեջ 13-րդ թիմն է, որ հասնում է աշխարհի առաջնության եզրափակիչ:

Սամվել Սուքիասյան

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում