09:08  ,  10 հուլիսի, 2018

Մեծ Բրիտանիայի դեսպան․ Ես հպարտ եմ Անգլիայի հավաքականի խաղով

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը նվաճել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։ Շվեդիա - Անգլիա հանդիպմանը Երեւանի Անգլիական այգում հետեւում էին բազմաթիվ ֆուտբոլասերներ։ Նրանց միացել էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։ Նա ֆուտբոլի մեծ սիրահար է։

«Սովորաբար, ես չեմ սիրում ֆուտբոլ դիտել ընկերներիս հետ։ Չեմ սիրում ֆուտբոլ դիտել նաեւ ամուսնուս հետ, քանի որ երբ գործը վերաբերում է անգլիական առաջնությանը, ապա նա երկրպագում է «Մանչեսթեր Սիթիին», իսկ ես՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ես սիրում եմ դիտել քրոջս հետ, քանի որ նա նույնպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է»,- պատմել է դեսպանը NEWS.am Sport-ի թղթակցին։

Նրա կարծիքով՝ մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը երկրպագուները մեծ սպասելիքներ չունեին Անգլիայի հավաքականից, քանի որ թիմում շատ են երիտասարդները եւ քիչ է փորձը։

«Ես համամիտ եմ շատ անգլիացիների հետ, որ մեր հավաքականը գերազանցեց սպասելիքները, եւ մենք շատ հպարտ ենք նրանց խաղով, հատկապես, հետխաղյա 11 մետրանոցների իրացմամբ, որն ավանդաբար բարդ է տրվում մեր թիմին։ Հավաքականի խաղն իսկապես տպավորել է»,- նշել է Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

Դեսպանը դիտել է աշխարհի առաջնությունում Անգլիայի մասնակցությամբ բոլոր հանդիպումները։ Առաջինը խաղը դիտել է տանը, երկրորդ եւ երրորդը՝ Հունաստանում հանգստանալիս, իսկ քառորդ եզրափակիչը՝ Երեւանի Անգլիական այգում։ Սակայն դեսպանը չի շտապում կանխատեսում անել չեմպիոնության վերաբերյալ։

«Ես երբեք չեմ փորձում կանխատեսել հաղթողին։ Մրցաշարում մնացած բոլոր թիմերն էլ արժանի են հարգանքի։ Կիսաեզրափակիչում չի կարող լինել թույլ թիմ»,- ասել է նա։

Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շեշտադրեց, որ աշխարհի առաջնությունը, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը եւ Լեգենդների հանդիպումը Երեւանը դարձրել են մեծ ֆուտբոլի քաղաք։

«Կիրակի ներկա էի Լեգենդների հանդիպմանը, որին մասնակցեց Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգսը։ Երեքշաբթի կընդունենք «Սելթիկի» երկրպագուներին։ Դեսպանության ներկայացուցիչները կապի մեջ են «Ալաշկերտ» եւ «Սելթիկ» ակումբների հետ։ Չեմ կարող ասել, որ սպասում ենք «Սելթիկի» շատ երկրպագուների, բայց այդ ակումբի ֆանատները միշտ շատ ակտիվ են»,- նշել է դեսպանը։

Դեսպանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Երեւան է այցելել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Քլարկը, ինչը նույնպես կարեւոր իրադարձություն է երկրի ֆուտբոլային կյանքում։

«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համագործակցության ուղիներ գտնել Ասոցիացիայի եւ Հայաստանի միջեւ»,- եզրափակել է Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

Աննա Ղազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս