21:16  ,  7 հուլիսի, 2018

Ֆուտբոլ դեսպանների մակարդակով եւ անգլիական ոճով Երեւանում (ֆոտո)

Անգլիայի հավաքականը նվաճեց Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։ Սա թերեւս Անգլիայի հավաքականի երկրպագուների ամենամեծ նվերն էր աշխարհի առաջնությունում։ Անգլիայի հավաքականը մեծ թվով երկրպագուներ ունի Հայաստանում, բայց ամենամեծ ու հավատարիմ երկրպագուն Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն է։

Հուլիսի 7-ին Երեւանի Անգլիական զբոսայգում մեծ թվով հայ ֆուտբոլասերների հետ Շվեդիա - Անգլիա դիմակայությանը եկել էր հետեւելու նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանը ամուսնու հետ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանն ու փոխդեսպանի ամուսինը։

Տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը երեւանյան փոքրիկ ֆան-գոտի եկավ խաղի մեկնարկից մի քանի րոպե առաջ։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ նախախաղային զրույցում հույս հայտնեց, որ այսօր Անգլիան մեծ նվեր է պարգեւելու իր երկրպագուներին եւ նվաճելու կիսաեզրափակիչի ուղեգիր։

«Աշխարհի առաջնությունում երկրպագում եմ Անգլիայի հավաքականին։ Նրանք մեծ հնարավորություն ունեն անցնել կիսաեզրափակիչ եւ հավատում եմ, որ այսօր մենք հաղթելու ենք։ Բայց չեմ թերագնահատում նաեւ Շվեդիայի հավաքականին։ Շատ կցանկանայի աշխարհի չեմպիոն տեսնել Անգլիային։ Այս խաղում հաշիվ չեմ կարող կանխատեսել, բայց, կարծում եմ, մենք դուրս կգանք կիսաեզրափակիչ։ Անգլիայից բացի այս աշխարհի առաջնությունում երկրպագում եմ նաեւ Շվեդիայի հավաքականին»,- ասաց Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն ամուսնու հետ վերցրեց մեկ բաժակ գարեջուր եւ տեղավորվեց երկրպագուների համար նախատեսված նստարանների առաջին շարքում։ Խաղի սկզբնամասում դեսպանը հանգիստ հետեւում էր դիմակայությանը եւ պարբերաբար մտքեր փոխանակում ամուսնու հետ։ Երբ խաղի 30-րդ րոպեին «Լեսթեր Սիթիի» պաշտպան Հարի Մագիրնը խփեց անգլիացիների առաջին գոլը, դեսպան Տիկին Մարգարեթը վեր ցատկեց տեղից՝ գոլ բղավելով։ Դեսպանի ուրախությունը կիսեց նաեւ նրա ամուսինն ու փոխդեսպանը, նրանց հետ նաեւ զբոսայգում հավաքված երկրպագուները։

Առաջին խաղակեսից հետո Անգլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթում էր Շվեդիային, ինչը, կարծես, հանգստություն էր պարգեւել տիկին դեսպանին։ Մինչ ընդմիջումը կավարտվեր, դեսպանն իր ամուսնու եւ գործընկերների հետ բուռն քննարկում էր իր երկրի թիմի խաղային որակներն ու եւս մեկ գոլ խփելու հնարավորությունը։ Ի դեպ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մեծ Բրիտանիայի դեսպանը նշեց, որ ինքը մեծ ֆուտբոլասեր է եւ չէր կարող բաց թողնել իր երկրի հավաքականի հանդիպումը հայ երկրպագուների հետ հետեւելու լավ հնարավորությունը։

Երկրորդ խաղակեսը, առաջինի համեմատ, ավելի բուռն ու հուզումնալից ստացվեց դեսպանի եւ հայ երկրպագուների համար, քանի որ Անգլիան մի քանի անգամ շատ լավ հնարավորություն ուներ շվեդների դարպասը գրավելու։ Առաջին գոլին հետեւեց անգլիացիների երկրորդ հարվածը, ինչն իսկական տոն դարձավ Մեծ Բրիտանիայի դեսպանի համար։ Հաշիվը 2։0 էր, Անգլիան հաղթում էր, իսկ տիկին Մարգարեթը արդեն հանգիստ, բայց հայացքը մեծ էկրանին հառած հետեւում էր խաղին։ Րոպեներ անց հնչեց մրցավարի սուլոցն ու հայկական ֆան գոտու երկրպագուները սկսեցին գրկախառնվել՝ շնորհավորել միմյանց Անգլիայի հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ուրախ վեր կացավ տեղից, գրկեց ամուսնուն եւ գարեջրի բաժակով շնորհավորեց Անգլիայի հավաքականի երկրպագուներին՝ գեղեցիկ խաղի ու հաղթանակի կապացությամբ։ Խաղի ավարտին ներկաներից շատերը մոտեցան դեսպանին եւ շնորհավորեցին հաղթանակի կապակցությամբ։

Անգլիան կիսաեզրափակիչում կմրցի Ռուսաստան - Խորվաթիա զույգի հաղթողի հետ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս