22:32  ,  2 հուլիսի, 2018

Բրազիլիայի դեսպանը ցանկանում է քննարկում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ (ֆոտո)

Կուզեի զրուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայկական ֆուտբոլի եւ հայկական ֆուտբոլը զարգացնելու թեմայի շուրջ։ Չգիտեմ՝ ինչով է զբաղված Հայաստանում ֆուտբոլի ֆեդերացիան, բայց Հայաստանն էլ ունի լայն հնարավորություն ֆուտբոլը զարգացնել եւ մասսայականացնել այնպես, ինչպես Բրազիլիայում է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը։

Այսօր երեւանյան փաբերից մեկումը ֆուտբոլային տրամադրությունից բացի նաեւ բրազիլական մթնոլորտ էր, քանի որ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականին երկրպագելու էին եկել մի խումբ բրազիլացիներ, նրանց շարքերում նաեւ Հայաստանում Բրազիլիայի դեսպանը՝ տիկնոջ հետ։ Իսկ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում խաղում էին՝  Բրազիլիան ու Մեքսիկան։

Նախքան ֆուբոլային հանդիպման մեկնարկը Բրազիլիայի դեսպանն ընկերների հետ մեկ բաժակ գարեջուր խմեց, իր ազգային թիմին հաջողություն մաղթեց, ամբողջ ուշադրությունը սեւեռելով հեռուստաէկրանին։

Մինչեւ մրցավարի սուլոցը կհնչեր, մոտեցա դեսպանին եւ հետաքրքրվեցի, թե ինչ հաշիվ է կանխատեսում եւ ինչպես է գնահատում Բրազիլիայի քառորդ եզրափակիչ  դուրս գալու հնարավորությունները։

«Կանխատեսում եմ Բրազիլիայի հաղթանակ, բայց կդժվարանամ վստահ ասել, թե մեր հավաքականը կհաղթի։ Երկու թիմերն էլ նույն մարզավիճակն ունեն։ Մի քանի տարի առաջ ավելի հեշտ կկարողանայի Բրազիլիայի հաղթանակ կանխատեսել, քանի որ ունեինք այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Ռոնալդոն, Ռոնալդինյոն։ Այժմ ունենք միայն Նեյմար։ Մյուսներն էլ են լավ, բայց տեսնենք, թե այսօր ինչ խաց կցուցադրեն թիմային պայքարում։ Միայն կասեմ, որ Բրազիլիայի հավաքականը այդքան էլ չի տարբերվում մյուս երկրների հավաքականներից։ Մեր հավաքականից ավելի շատ երկրպագում եմ Նեյմարին եւ այսօր ցանկանում եմ տեսնել նրա գեղեցիկ խաղը»,- ասաց Բրազիլիայի դեսպանն, ավելացնելով, որ մեծ ֆուտբոլասեր է, բայց երբեք խաղադրույքներ չի կատարում։

Բրազիլիա-Մեքսիկա հանդիպման մեկնարկին դեսպան Մենդոնսա Սանկտոսի ընկերներն այդքան էլ ակտիվ չէին, իսկ դեսպանը հանգիստ, վայելելով գարեջուրը, գրեթե անթարթ հետեւում էր խաղին։

Առաջին խաղակեսն ավարտվեց, իսկ խաղի հաշիվը դեռ բացված չէր։ Դեսպանը նստած տեղից վեր կացավ, համբուրեց կնոջն ու սկսեց անհանգիստ շրջել փաբում։ Ապա մոտեցավ ինձ․

«Մեր հավաքականը շատ լավ է խաղում, բայց մեքսիկացիները լավ են խաղում պաշտպանությունում։ Այս 0-0 հաշիվն անհանգստացնող է, բայց չեմ կարծում, որը բանը կհասնի 11-մետրանոցներին։ Խաղադաշտում նույն տեխնիկան ու նույն խաղաոճն եմ նկատում։ Ամեն դեպքում հույսս չեմ կորցնում, որ Բրազիլիան կհաղթի հիմնական ժամանակում»,- մեկնաբանեց դեսպանն ու կրկին սկսեց շրջել փաբում։

Մի քանի րոպե անց նրանից հետաքրքրվեցի Բրազիլիայում ֆուտբոլի այդքան շատ սիրված մարզաձեւ լինելու ֆենոմենը։

«Բրազիլիայում բոլորն անխտիր խաղում են ֆուտբոլ։ 99% մասսայականություն վայելող մարզաձեւ վստահ կարող եմ ասել, որ ֆուտբոլն է։ Մեր երկրում ֆուտբոլը նորաձեւության նման մի բան է։ Մենք ունենք ավելի քան 15 մլն գրանցված ֆուտբոլիստ։ Ի դեպ, ես էլ եմ ֆուտբոլ խաղացել, երբ 15 տարեկան էի, բայց պրոֆեսիոնալ մակարդակով չէի խաղում։ Նախկինում ֆուտբոլով շատ էի հետաքրքրվում։ Կարիերայիս մի շրջանում 1993-94 թթ․աշխատեցի Բրազիլիայի սպորտի նախարարությունում եւ ներսից հասկացա, թե ինչպես է իրականում աշխատում ֆուտբոլը։ Արդյունքում ես մի փոքր հեռացա ֆուտբոլից։  Ինքս ինձ համար բացահայտեցի, որ ֆուտբոլն ավելի շատ բիզնես է ու հիասթափվեցի։ Բայց դա չի վերաբերում Բրազիլիայի հավաքականի հանդիպումներին։ Երբ որեւէ կարեւոր առաջնությունում խաղում է իմ երկրի հավաքականը, ես չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ է ինձ հետ կատարվում։ Հոգուս խորքում հավատում եմ, որ այս աշխարհի առաջնությունում Բրազիլիան նորից կդառնա չեմպիոն»- նշեց դեսպանը։

Հետաքրքրվեցի նաեւ հայկական ֆուտբոլի մասին նրա տեսակետով։ Բրազիլիայի դեսպանը միտք ունի այս թեմայի շուրջ քննարկում ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հայաստանում ամեն ինչ այդքան էլ կազմակերպված չէ։ Կցանկանայի Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել, թե ինչպես է պետք ճիշտ կազմակերպել հայկական ֆուտբոլի զարգացումը։ Դուք կարող եք ունենալ լավ հավաքական, ինչպես տարբեր այլ փոքր երկրներ, բայց ինձ համար անհայտ է, թե ինչպես է աշխատում Հայաստանում ֆուտբոլի ֆեդերացիան։ Օրինակ՝ Բրազիլիայում մենք ամենուր խաղում ենք ֆուտբոլ՝ դպրոցներում, դասերից դուրս, լողափերին, ամեն տեղ»,-շեշտեց դեսպանը։

Մեր զրույցն ընդհատեց երկրորդ խաղակեսը, որն անհամեմատ ակտիվ եւ հուզառատ անցավ դեսպան Մենդոնսա Սանկտոսի եւ նրա ընկերների համար։ Խաղն ավարտվեց 2-0՝ Բրազիլիայի հաղթանակով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս