17:17  +04,  29 մայիսի, 2018

Հայաստանի բռնքամարտիկների հաղթանակները պրոֆեսիոնալ ռինգում. ամփոփում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Հայաստանը ներկայացնող 3 հայ բռնցքամարտիկները վերջին մի քանի օրերի ընթացքում հերթական հաղթանակները տարան պրոֆեսիոնալ ռինգում. Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը Իսպանիայի Էլչե քաղաքում Punch Boxing Promotion-ի կազմակերպած երեկոյում հաղթեցին: Արամ Ավագյանը մեքսիկացի Էմանուել Լոպեսի հետ մենամարտում նվաճեց WBC վարկածով International Silver գոտին, իսկ Նարեկ Աբգարյանը հաղթեց նիկարագուացի Պաբլո Նարվաեզին՝ պրոֆեսիոնալ ռինգում տանելով իր 9-րդ հաղթանակը: Իսպանական երեկոյից օրեր անց, մայիսի 26-ին Մոսկվայում հերթական հաղթանակը տարավ նաեւ Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը՝ Գոռ Երիցյանը, 6-րդ նոկաուտով հաղթանակը:

Պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանի 3 բռնցքամարտիկներին ներկայացնում է մոսկովյան Punch Boxing Promotion-ը:

Մայիսի 29-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի, Punch Boxing promotion-ի հիմնադիր եւ հայ մարզիկների պրոմոութեր Արամ Դավթյանի, նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին այս հաղթանակները:

Արթուր Գեւորգյան

Առաջին անգամ է, որ պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները ապրում եւ մարզվում են իրենց հայրենիքում: Մինչեւ հիմա պրոֆեսիոնալ ռինգում հաջողություններ ունեցող հայ բռնցքամարտիկները ապրել եւ մարզվել են Հայաստանից դուրս՝ Ավստրալիա, ԱՄՆ: Հայաստանից դուրս են փորձել իրենց բախտը եւ դրսում հաջողություններ ունեցել: Նախադեպ չի եղել, որ Հայաստանում բնակվող եւ մարզվող բռնցքամարտիկները գնան, հաղթեն եւ վերադառնան տուն: Այս պահին մենք դեռեւս ունենք 3 ներկայացուցիչ, բայց առաջիկայում կլինեն նոր անուններ ազգային հավաքականից, որոնք կհամապատասխանեն պրոֆեսիոնալ ռինգի պահանջներին: Ըստ քմահաճույքի, որեւէ մեկը չի կարող մեծ հաջողությունների հասնելու դեպքում, որոշում կայացնի հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո: Տղաներն ունեն պայմանագիր եւ քաջ գիտակցում են, որ պետք է խաղան պայմանագրի կանոններով: Ամեն ինչ արվում է ի շահ մարզիկների: Մարզիկի հետ համագործակցության երկարատեւությունը բխում է նրա կարգապահությունից: Յուրաքանչյուր կարգապահ մարզիկ երկար ճանապարհ կունենան պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նախկինում ունեցել ենք նախադեպեր, որ մարզիկի հետ աշխատել ենք, հասցրել որոշակի հաջողության, ապա մարզիկի վատ վարքի պատճառով դադարեցրել ենք նրա հետ համագործակցությունը՝ առանց պատժամիջոցների: Փորձը ցույց է տվել, որ թիմում համերաշխության մթնոլորտը միշտ տալիս է դրական արդյունք մարզիկի համար:

Դեռ պարզ չէ, թե Punch Boxing Promotion-ը այս ճանապարհի որ կետից կսկսի շահութաբեր լինել: Այժմ միայն ահռելի գումարներ են ծախսվում եւ մեր բոլորիս հիմնական նպատակը համաշխարհային բռնցքամարտի ամենաբարձր արենաներում ներկայացնել հայ մարզիկին: Վերջին ժամանակներում թելը կտրվել էր եւ մեզ այս պահին պետք է բացարձակ աստ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Լիդերի կարիք ունենք. մեր աշխատանքով նպատակ ունենք ունենալ այն բռնցքամարտիկը, ով կհանդիսանա հայկական պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոգեքարշը եւ ճանապարհ կբացի մյուս երիտասարդ բռնցքամարտիկների համար դեպի համաշխարհային շուկա: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեծ գումարներ կան, եւ մեր մարզիկները հնարավորոթյուն ունեն վաստակել հսկայական գումարներ: Այս երեքից յուրաքանչյուրի հետ հույս ենք կապում, եւ նրանցից մեկը կդառնա համաշխարհային աստղ:

Արամ Դավթյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող մարզիկների հետ մեր համագործակցությունը լավ է ընթանում: Տղաները միշտ պատրաստ են հերթական մենամարտերին: Նրանց հետ շատ լավ աշխատանք է տանում հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Տղաների տեխնիկական պատրաստվածությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչն էլ մեզ թույլ է տալիս արդեն գոտիների համար պայքարի մեջ մտնել: Արթուր Գեւորգյանի հետ վաղուց էինք ծանոթ եւ բազմիցս խոսել էինք պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալու ծրագրերի մասին: Ստացվեց այնպես, որ արդեն ունեինք սիրողականում լավ արդյունքներ ցույց տված մարզիկներ, որոնց հետ սկսվեց մեծ աշխատանք: Այդպես ստեղծվեց մեր Promotion-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցությունը: Արդեն ունենք շատ լավ արդյունքներ, իսկ այս շրջանում նախապատրաստվում ենք հունիսի 29-ին Մադրիդում կայանալիք Նարեկ Աբգարյանի գոտու համար մենամարտին:

Դավիթ Թորոսյան

Մենք թիմային աշխատանք ենք տանում եւ արդյունքները տեսանելի են: Այս գոտու հաղթանակը նվեր էր Հայաստանի կառավարության համար: Ինձ անհանգստացնում է արժեհամակարգը. որոշ մարզաձեւեր կան, որ այդքան էլ մեծ արդյունքներ չունեն, բայց հաղթանակների դեպքում նրանց դիմավորումը օդանավակայանում շատ շքեղ է կազմակերպվում: Արամ Ավագյանն այսօր շատ լուրջ քայլ է արել պրոֆեսիոնալ ռինգում եւ նրա դիմավորումը օդանավակայանում այդքան էլ արժանի չէր նրա հաջողությանը:

Արամ Ավագյան

Մենամարտիս պատրաստվել էի շատ լավ: Դավիթ Թորոսյանի դրած խնդիրը կարողացա իրականցնել եւ հաղթանակի հասնել:  Ռինգում հիմնական շեշտը դրված էր 2-րդ համարի ներքո մենամարտելու տակտիկայի վրա, ինչը ես ռինգում կարողացա իրականացնել: Շնորհակալություն եմ հայտնում իմ պրոմոութերին, Դավիթ Թորոսյանին շատ լավ ու հմուտ աշխատանքի համար, ինչպես նաեւ Արթուր Գեւորգյանին՝ այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար:

Ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ շատ կարեւոր է: Այս հաղթանակն առանձնահատուկ դարձավ նրանով, որ կշեռքի նժարին դրված էր տիտղոս: Իսկ տիտղոս նվաճելու դեպքում ես մեկ քայլով եւս կմոտենամ իմ գլխավոր նպատակին՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի չեմպիոնի գոտուն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...