19:01  ,  19 մայիսի, 2018

Ռոստովում մեկնարկում է Միհրան Հարությունյանի մասնակցությամբ MMA-ի երեկոն (NEWS.am Sport Live)

Ռոստովի «КСК Экспресс» արենայում մեկնարկել է Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարը, որում իր նորամուտը կնշի Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: NEWS.am Sport-ը ներկայացնում է միջոցառման ուղիղ հեռարձակումը:

Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը առաջին փորձն է անում խառը մենամարտերում: Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի հավաքականի անդամն ուսի վնասվածքի պատճառով դադարեցրեց մրցելույթները հավաքականի կազմում: Որոշ ժամանակ անց օլիմպիական փոխչեմպինը հանդես եկավ խառը մենամարտերում ուժերը փորձելու ցանկության հայտարարությամբ: Միհրան Հարությունյանը պայմանագիր կնքեց Fight Nights Global պրոմոութերական ընկերության հետ եւ մայիսի 19-ին առաջին անգամ դուրս կգա MMA-ի ռինգ: Միհրան Հարությունյանի մրցակիցը իրանցի Ալի Յուսեֆին է, որը խառը մենամարտերում արդեն անցկացրել է 9 մենամարտը՝ 6 հաղթանակով եւ 3 պարտությունով:

Միհրան Հարությունյանը մենամարտին պատրաստվել է 3 ամիս մարզումներ անցկացնելով ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Հայ ըմբիշին MMA-ում պայքարի մեջ մտնելու համար պատրաստել են խառը մենամարտերի մարզիչներ Անդրանիկ Էնդի Դերմեջիանը եւ Ռոմա Քալանթարյանը:

Միհրան Հարությունյանի մասնակցությամբ Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարն անցկացվում է Ռոստովի «КСК Экспресс» արենայում: Այս մարզահամերգային համալիրը գտնվում է Ռոստովի կենտրոնում՝ Վիտի Չերեվիչկինայի անվան այգում: Արենայում անցկացվում են ոչ միայն մարզական իրադարձություններ, այլ նաեւ համերգային ծրագրեր, ցուցահանդեսեր, պարային մրցույթներ: Բայց համալիրը նախատեսված է մասնավորապես մարզական միջոցառումներ համար: Արենայի մարզադահլիճը հարմարեցված է բասկետբոլային հանդիպումների համար: Այստեղ իրենց տնային հանդիպումներն են անցկացնում Ռոստովի բասկետբոլային «Ատաման» ակումբը, եւ կանանց՝ «Ռոստով-Դոն» ակումբը: Մարզահամերգային համալիրն այդքան էլ մեծ չէ, նախատեսված է մինչեւ 2000 հանդիսատեսի համար:

Լուսինե Շահբազյան՝ Ռոստովից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով