15:01  ,  17 մայիսի, 2018

Բուֆոնը հաստատել է, որ մայիսի 19-ին վերջին խաղն է անցկացնելու «Յուվենտուսի» կազմում

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաստատել է, որ «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 38-րդ տուրի խաղն իր համար վերջինն է լինելու Թուրինի «Յուվենտուսի» կազմում:

«Շաբաթ օրը վերջին հանդիպումը կանցկացնեմ «Յուվենտուսի» կազմում: Դա ավարտն է հրաշալի ուղեւորության, որի ընթացքում եղել եմ իմ մասին հոգ տանող մարդկանց կողքին: Ես զգում էի դա ամեն օր, եւ այդ սիրո շնորհիվ պայքարում էի ամբողջ ուժով:

15 օր առաջ կարիերաս ավարտելու որոշումն ակնհայտ էր թվում, սակայն օրեր առաջ ստացա մի քանի հետաքրքիր առաջարկ: «Յուվենտուսում» վերջին խաղից հետո 2-3 օր տրամադրեմ որոշում ընդունելու համար: Կվարվեմ այնպես, ինչպես կասի սիրտս»,- ասել է 40-ամյա դարպասապահը, փոխանցում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

Իտալիայի առաջնության վերջին տուրը կայանալու է մայիսի 19-ին: 40-ամյա դարպասապահը 2001 թվականից է խաղում թուրինյան ակումբում, որի հետ 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Դա ռեկորդային ցուցանիշ է:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ այս մրցաշրջանի վերջում Ջանլուիջի Բուֆոնը կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում