10:34  ,  2 մայիսի, 2018

Չեմպիոնների լիգա. «Ռեալի», Ռոնալդուի ու Զիդանի ռեկորդները

Մադրիդի «Ռեալը», պայքարից դուրս թողնելով Մյունխենի «Բավարիային», 7-րդ անգամ դուրս է եկել 1992/93 մրցաշրջանից անցկացվող Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նախկինում ոչ մի ակումբ չէր գրանցել այդպիսի ցուցանիշ:

6-ական անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկել են իտալական «Միլանն» ու «Յուվենտուսը», գրում է AS-ը:

«Ռեալը» «Միլանից» ու «Յուվենտուսից» հետ երրորդ ակումբ է, որը երրորդ տարին անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր: Միլանցիները դա արել էին 1993, 1994 եւ 1995 թվականներին, իսկ թուրինցիները՝ 1996, 1997 ու 1998 թվականներին:

Մադրիդցիները եվրագավաթներում գոլ խփեցին 42-րդ տնային խաղում անընդմեջ եւ կրկնեցին Լոնդոնի «Տոտենհեմի» ռեկորդը: Անգլիական ակումբը եվրագավաթների 42 տնային խաղերում գոլ էր խփել 1961-1984-ը: Հատկանշական է, որ «Տոտենհեմի» ռեկորդային շարքը 1985-ին ավարտվել էր հենց «Ռեալի» դեմ խաղում (0:1):

«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 6-րդ անգամ է դուրս գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ կրկնելով «Միլանի» ու Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի ռեկորդը:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն էլ կրկնել է իտալացի Մարչելո Լիպիի ռեկորդը՝ երրորդ տարին անընդմեջ դուրս գալով եզրափակիչ: Լիպին 1996, 1997 ու 1998 թվականներին նման հաջողության հասել էր «Յուվենտուսի» հետ:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, եւ «Ռեալը» եզրափակիչ էր դուրս եկել առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում