16:05  ,  1 մայիսի, 2018

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակիչում են, Ասլանյանն ու Մելիքյանը պարտվեցին

Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը դուրս եկան Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթեց հույն Լոակրատիս Կեսիդիսիին: Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1 րոպե 40 վայրկյանում հաղթել էր Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանին: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ֆինն Էլիաս Կուսմանենը:

82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին: Մանուկյանը եւս մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ տուշեով հաղթելով խորվաթ Բոզո Ստարչեւիչին: Կիսաեզրափակիչում նա կմրցի հունգարացի Լասլո Սաբոյի հետ:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում սերբ Մատե Նեմեշին 5:0 հաշվով հաղթելուց հետո հաջորդ փուլում 3:6 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին: Եթե ռուս ըմբիշը հասնի եզրափակիչ, Ասլանյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր մոլդովացի Վիկտոր Չոբանուի նկատմամբ 8:7 հաշվով հաղթանակով, սակայն հաջորդ գոտեմարտում 4:12 հաշվով պարտվեց վրացի Դաթո Չխարտիշվիլիին: Եթե վրացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Արմեն Մելիքյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակիչի գոտեմարտերը կկայանան երեկոյան մրցահերթում, իսկ եզրափակիչները՝ մայիսի 2-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ) մեդալ չէին նվաճել: Արթուր Շահինյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ մայիսի 1-ին մասնակցեց սփոփիչ գոտեմարտերի: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա 7:0 հաշվով հաղթեց լիտվացի Ջուլիուս Մատուզեւիչիուսին, սակայն երկրորդում 3:7 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ լքեց պայքարը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Դենիս Կուդլայի մրցակիցը կլինի ադրբեջանցի Իսլամ Աբասովը:

Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում