13:50  ,  1 մայիսի, 2018

ԵԱ. Արթուր Շահինյանը պարտվեց եւ լքեց պայքարը, Արմեն Մելիքյանը մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը (87 կգ) լքեց պայքարը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնելու հնարավորությունից:

Նախօրեին 87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսին 9:0 հաշվով հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9:1 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Բեկխան Օզդոեւին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, Արթուր Շահինյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա 7:0 հաշվով հաղթեց լիտվացի Ջուլիուս Մատուզեւիչիուսին, սակայն երկրորդում 3:7 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ լքեց պայքարը:  Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Դենիս Կուդլայի մրցակիցը կլինի ադրբեջանցի Իսլամ Աբասովը:

Մայիսի 1-ին պայքարը սկսում են նաեւ Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 8:7 հաշվով հաղթելով մոլդովացի Վիկտոր Ցիոբանուին: Նրա հոջորդ մրցակիցը կլինի վրացի Դաթո Չխարտիշվիլին:

Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանի հետ:

82 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով խորվաթ Բոզո Ստարչեւիչի հետ:

Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգում պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից եւ ուժերը կչափի սերբ Մատե Նեմեշի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւ Կարապետ Չալյանը (77 կգ) եւս մեդալ չէին նվաճել:

Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում