17:50  AMT,  5 ապրիլի, 2018

Նարեկ Մանասյան. Օլիմպիական մեդալակիր դառնալուց հետո կմտածեմ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին

Բռնցքամարտում գերնպատակս օլիմպիական մեդալակիր դառնալն է, որից հետո նոր կմտածեմ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության 91 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:

Մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայում կայացած Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունից Հայաստանը վերադարձավ ընդամենը 1 մեդալով. Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց միայն 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Մնացած 6 մասնակիցները դուրս մնացին մեդալային պայքարից: Եվրոպայի Մ-22 առաջնությունում Հայաստանը ներկայացրել էին նաեւ  52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ Էրիկ Պետրոսյանը, 60 կգ Հրայր Շահվերդյանը, 69 կգ Գուրգեն Մադոյանը, 75 կգ Համբարձում Հակոբյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Նարեկ, ինչպե՞ս ես գնահատում մասնակցությունդ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մասնակցությունիցս գոհ եմ: 3 մենամարտ ունեցա: 1/8  եզրափակիչում մեկնարկս հաղթանակով եղավ, ինչն ինձ շատ ոգեւորեց: Քառորդ եզրափակիչում հաղթեցի գերմանացի Լուչիան Ֆելիքսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ, քանի որ գերմանացու մարզիչը երրորդ ռաունդում կանգնեցրեց մենամարտը՝ թույլ չտալով շարունակել այն: Այս հաղթանակով ապահովեցի տեղս կիսաեզրափակիչում եւ բրոնզե մեդալս:

Կիսաեզրափակիչում մրցակիցս Ռուսաստանի ներկայացուցիչ էր, որին  պարտվեցի: Բայց այս պարտության հետ ես եւ մեր մարզիչ Դավիթ Թորոսյանը, համաձայն չէինք: Ես դիտել էի նրա նախորդ մենամարտերը, նա ռինգում բոքս էր անում, իսկ ինձ հետ, ուղղակի, չբռնցքամարտեց: Նրան օգնեցին հաղթանակ տանել: Չկարողացա իմ հնարավորությունները լիարժեք դրսեւորել, քանի որ չէր մենամարտում, չկռվեց:   

Արծաթե կամ ոսկե մեդալի հնարավորություն ունեի՞ր, մարզավիճակդ թույլ տալի՞ս էր:

Կարող էի արծաթի համար էլ պայքարել, բայց բավարարվեցի բրոնզով: Կիսաեզրափակիչում ռուս մրցակցիս այնպես չէ, որ շատ ուժեղ էի համարում: Եթե նա իսկական բռնցքամարտ աներ, գուցե ավելի արդար լիներ արդյունքը, թեկուզ եւ իմ պարտությունը: Այս մրցաշարում հասկացա, որ դեռեւս փորձի պակաս ունեմ: Հենց այդ ռուս բռնցքամարտիկն էլ դարձավ չեմպիոն իմ քաշային կարգում: Արդյունքս լավ էր, բայց կարող էի ավելին:

Սա արդեն իմ երկրորդ մեդալն է այս մրցաշարում: Բրոնզե մեդալ էի նվաճել 2017 թվականին նույն մրցաշարում: Այժմ արդեն մեծահասակների կազմում եմ, բայց դեռ մեծերում լուրջ արդյունքներ չունեմ, մեդալ չունեմ:

Այս մրցաշարից առաջ պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող 3 հայ բռնցքամարտիկների հետ ուսումնամարզական հավաք անցար ԱՄՆ-ում: Ի՞նչ տվեց քեզ այդ հավաքը եւ կա՞ն պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու նպատակներ:

Նպատակներ ունեմ, հետագայում պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել: Քանի որ լինել բռնցքամարտիկ, ու սահմանափակվել զուտ սիրողականով, այդքան էլ ճիշտ չէ, իմ կարծիքով: Բայց դեռ ինձ համար վաղ է այդ մասին մտածելը: Ցանկանում եմ դեռեւս սիրողականում արդյունքներ գրանցել, մեծերում մեդալներ ունենամ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հավաքին, շատ հետաքրքիր էր, ուսուցողական: Մեկ ամսից ավելի լավ մարզումներ ունեցանք, ուժեղ սփարինգ-մրցակիցներ ունեինք: Այնպիսի մարզաբազայում էինք մարզվում, որն ասես հենց բռնցքամարտի կենտրոնը լիներ: Այդ ամենը թեկուզ միայն տեսնելը,  մարզումային գործընթացին հետեւելը մեծ փորձ էր ինձ համար: Այդ մարզումները նախատեսված էին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար, ու ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի առաջարկով նրանց միացա նաեւ ես: Դա ինձ համար Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության հիմնական նախապատրաստական փուլն էր: Այդ մարզումներն ինձ շատ օգնեցին առաջնությունում:  

Նարեկ, դու երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ես, Նանջիգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ի՞նչ նպատակ ունես մեծ սպորտում, բռնցքամարտում:

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել Աբովյան քաղաքում, որտեղ էլ ծնվել եմ: Մի շրջան թողեցի, հետո նորից հորս խորհրդով վերադարձա բռնցքամարտի դահլիճ: Սկսեցի մարզվել մարզիչ Արշավիր Գրիգորյանի մոտ ու մինչ օրս էլ նա է իմ անձնական մարզիչը: Սիրելով եմ զբաղվում բռնցքամարտով: Փոքր տարիքում գուցե այդքան սիրահարված չէի բռնցքամարտին, բայց երբ արդեն հասա մեծերի հավաքական, արդեն նպատակներս փոխվեցին, սկսեցի ավելի սիրել այս մարզաձեւը եւ սիրելով զբաղվել:

Մեծերի կազմում եւ, առհասարակ, մեծ սպորտում Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու նպատակ ունեմ: Բայց միայն ուղեգրով չեմ ցանկանում սահմանափակվել եւ զուտ մասնակից լինել: Մեծ երազանքս սպորտում դեռեւս օլիմպիական մեդալակիր դառնալն է: Իսկ դրա համար դեռ շատ պետք է աշխաատեմ, մարզվեմ եւ կփորձեմ անել հնարավորը՝ նպատակիս հասնելու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...