21:20  ,  3 ապրիլի, 2018

Սկանդալ Հայաստանի թիմում. Սոնա Պողոսյանը դոպինգ է օգտագործել, գլխավոր եւ անձնական մարզիչները հեռացվել են

Ինչ-որ մեկը միտումնավոր Սոնա Պողոսյանին արգելված խթանիչ է տվել հենց այս շրջանում՝ հունվարին, որպեսզի Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ դոպինգ թեստ հանձնի եւ բռնվի: Այս ամենը միտումնավոր է արվել, որպեսզի մեզ բոլորիս, ինձ եւ մեր ամբողջ հավաքականին, ֆեդերացիային, հայկական ծանրամարտը վնասի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ով օրերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում հեռացվել է պաշտոնից:

Երեւանի Օլիմպավանում հավաք անցնող կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները օրերս հերթական դոպինգ թեստն են հանձնել, որի արդյունքում մինչեւ 20 տարեկանների  Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը եւ մարզիկին ժամանակավորապես զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշում է կայացվել հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:

Պարոն Ներսիսյան, Ձեզ հեռացրել են հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

Ես իրականում տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է Սոնան ինձնից թաքուն տանն արել, ինչ խթանիչներ է օգտագործել, բնական է, որ արդյունքում ինձ պետք է հեռացնեն: Հեռացվում է այն մարդն, ով աշխատում է. մեր երկրում այդպես է, պետք է անմեղը տուժի,մեղավորին հո չեն գտնելու, հեռացնեն:

Սոնա Պողոսյանը, չգիտեմ ում խորհրդով տանը խթանիչներ է օգտագործել եւ եկել հավաքի: Քանի որ մեր հավաքականներն այս շրջանում խիստ հսկողության մեջ են եւ ամեն վայրկյան կարող են նույնիսկ հավաքներին գալ եւ մեզ ստուգել, եկան ստուգեցին, ու պարզվեց, որ Սոնա Պողոսյանն ինքնագլուխ ինչ-որ խթանիչ է օգտագործել: Ես ի՞նչ անեմ... Գիշեր-ցերեկ, հավաքներին, մրցումներին անդադար այդ թեմաներից ենք խոսում, որ չի կարելի է, հազար անգամ բացատրել եմ, որ ճիշտ մարզումներով կարելի է մեծ հաջողությունների հասնել: Միայն անցյալ տարի 23 մեդալ ենք բերել մրցաշարերից, դա էլ մեզ ապացույց, որ մաքուր աշխատանքով կարող ենք բարձր արդյունքների հասնել, այդքանից հետո իմ մարզիկը գնում է եւ չգիտեմ ում խորհրդով դոպինգ է ընդունում: Մինչ օրս, որեւէ մեկն առանց իմ իմացության, նույնիսկ ցավազրկող չի օգտագործել, գնում էին բժշկի, զանգում, ինձ հարցնում էին՝ այս-ինչ ներարկումը կարելի է, թե ոչ... Ես էլ միայն մեր բժիշկ Դավիթին էի ուղղորդում մարզիկներին, որ նրանից հարցրեք, նոր: Մեր հավաքականների շուրջ ստեղված սկանդալից հետո արգելված նյութերի ցանկը գրեցի թղթի վրա, բաժանեցի բոլորին, որ իմանան՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Այսքանից հետո գնում են տունը, ինձանից թաքուն արգելված նյութեր օգտագործում, գլխիս սարքում են: Բա պետք է հեռացնեն ինձ, բա ինչ պետք է անեն: Էլ ում պետք է հեռացնեն....

Սոնա Պողոսյանի հետ խոսել եք, ի՞նչ բացատրություն է տալիս մարզիկը:

Ոչինչ չի ասում... Չի խոսում... Երեսիս է նայում, ոչինչ չի ասում: Նա չէր կարող ինքնագլուխ այս ամենն անել, նա չէր կարող ինքնուրույն որոշել արգելված նյութը խմել: Բայց չի ասում ոչինչ: Վախենում է իրեն դոպինգ տվողից... Նայում եմ աչքերի մեջ ու հարցնում՝ ես քեզ ինչ վատություն է արել աղջիկ ջան, այս հավաքականի անդամներն ինչ վատություն էին քեզ արել, որ դու այս հիմարությունն արեցիր: Ասում եմ՝ իմաստը բացատրի, հասկանամ՝ ինչի ես դոպինգ ընդունել, եթե այն 20-25 օր է մնալու քո օրգանիզմում եւ ոչ ավել, իսկ դու 6 ամիս անց նոր մրցման ես, ինչի ես արել, ով է քո թշնամին... Ի պատասխան՝ նայում է աչքերիս մեջ, ու ձայն չի հանում:

Ե՞րբ է եղել դոպինգ ստուգումը եւ ե՞րբ եք ստացել դրական պատասխանը:

Պատասխանը եղել է օրերս, իսկ Սոնան դոպինգ ընդունել է հունվարին, փետրվարին՝ բռնվել: Սա այն շրջանն է, որ մեր հավաքականները զրկված են միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից եւ մայիսից նոր մենք պետք է հնարավորություն ստանայինք մասնակցել մրցաշարերի: Մինչ այդ մենք պետք է դրական պատասխաններով անալիզներ չունենայինք: Հունվարին տանն են եղել հավաքականի անդամները, ձետրվարին անցկացրել ենք այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը Օլիմպավանում, եկել են հավաքի ընթացքում ստուգել են, ու բռնվել ենք:

Սոնա Պողոսյանին միջազգային ֆեդերացիան որակազրկել է, ինչը լիարժեք արդարացված է: Բայց ես կուզեի, որ այդ աղջկան դոպինգ տվողին գտնեին եւ նրան պատժեին: Այլապես այս խնդիրը չի վերանա հայկական ծանրամարտից: Թույլ օղակը Արտաշես Ներսիսյանն է. նրան էլ հեռացնենք... Հա հեռացրեք, բայց դրանով հարց կլուծվի՞:

Այն մարդուն են հեռացնում, ով ամեն ինչ արել է դոպինգի դեմ պայքարի համար, իրենցից շատ, միլիոն անգամ: Դեռ սպառնում են, որ մինչեւ անգամ ծանրամարտից կհեռացնեն: 15 տարվա իմ ամբողջ աշխատանքը գնաց, ընկավ ջուրը՝ 200-ից ավելի մեդալ եմ բերել այս տարիների ընթացքում, 70 անգամ Հայաստանի դրոշը բարձրացվել է, հիմնը հնչել է, միայն անցյալ տարի 23 մեդալ ենք նվաճել ու ինձ այսքանից հետո հեռացնում են:

Իսկ հավաքականին ի՞նչ ճակատագիր է սպասվում:

Դեռ քննարկվում է կանանց հավաքականը լուծարելու մասին հարցը, իբր թե մեզ աղջիկների ծանրամարտը պետք չէ: Լուծարեք...

Ձեզ հետ պաշտոնից ազատվել է նաեւ Արման Ղազարյանը:

Արման Ղազարյանը Սոնա Պողոսյանի անձնական մարզիչն է: Սոնա Պողոսյանը ինքնագլո՞ւխ է  դոպինգ ընդունել: Սոնան ինքնագլուխ հաց էլ չէր ուտի... Ամեն ինչը միմյանց հետ կապ ունի:

Ի՞նչ քայլեր եք պատրաստվում նախաձեռնել:

Ի՞նչ անեմ... Գնամ, չոքեմ, ներողություն խնդրե՞մ... Ուզում եմ, որ գտնեն, հենց այսպես հարցը չփակվի, գնա: Ինձ ուզում են հեռացնեն, թող հեռացնեն, բայց դրանով հարցը չի փակվում, պետք է գտնել՝ ով է Սոնային խորհուրդ տվել, կամ տվել, որպեսզի մյուս մարզիկների ապագան չփչացնեն, այլապես սա նորից կկրկնվի: Մենք մի ֆեդերացիա ենք, այս պատժամիջոցը կանդրադառնա ամբողջ ֆեդերացիայի եւ բոլոր հավաքականների վրա:

Իրականությունը Սոնան գիտի, բայց նա ոչինչ չի խոսում եւ չի ասում: Եթե պետք է՝ ինձ հեռացնեն, թող հեռացնեն, ուղղակի այս տարիների աշխատանքնս է ափսոս: Սա միտումնավոր արված գործ է: Մեկին պետք էր այսպես անել. ոչ մրցումների էինք, ոչ էլ... մեր մարզումների բնական հունով գնում էին: Մարզումներին աղջիկը, իմանալով որ պարբերաբար ստուգվում ենք, դոպինգ է օգտագործել, որ բռնվի: Եթե նա իսկական մարդ է, մարդկային հատկանիշներ ունի, թող կանգնի, ասի, թե ով է իրեն դոպինգ տվել, ում հետ է այդ կեղտոտությունն արել: Ինքն արդեն որակազրկվեց, բայց գոնե մարդկություն թող ունենա, մյուսներին փրկի:

Կուզեի, որ այս հարցը դատարանով լուծվեր, ես էլ դատապաշտպան ունենայի եւ իմ իրավունքները կարողանայի պաշտպանել: Ասում են՝ Արտաշես Ներսիսյանը հեռացված է, ես էլ ստիպված ասում եմ՝ լավ, հաջողություն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով