21:20 3 ապրիլի, 2018Ինչ-որ մեկը միտումնավոր Սոնա Պողոսյանին արգելված խթանիչ է տվել հենց այս շրջանում՝ հունվարին, որպեսզի Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ դոպինգ թեստ հանձնի եւ բռնվի: Այս ամենը միտումնավոր է արվել, որպեսզի մեզ բոլորիս, ինձ եւ մեր ամբողջ հավաքականին, ֆեդերացիային, հայկական ծանրամարտը վնասի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ով օրերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում հեռացվել է պաշտոնից:
Երեւանի Օլիմպավանում հավաք անցնող կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները օրերս հերթական դոպինգ թեստն են հանձնել, որի արդյունքում մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը եւ մարզիկին ժամանակավորապես զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշում է կայացվել հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:
Պարոն Ներսիսյան, Ձեզ հեռացրել են հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել:
Ես իրականում տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է Սոնան ինձնից թաքուն տանն արել, ինչ խթանիչներ է օգտագործել, բնական է, որ արդյունքում ինձ պետք է հեռացնեն: Հեռացվում է այն մարդն, ով աշխատում է. մեր երկրում այդպես է, պետք է անմեղը տուժի,մեղավորին հո չեն գտնելու, հեռացնեն:
Սոնա Պողոսյանը, չգիտեմ ում խորհրդով տանը խթանիչներ է օգտագործել եւ եկել հավաքի: Քանի որ մեր հավաքականներն այս շրջանում խիստ հսկողության մեջ են եւ ամեն վայրկյան կարող են նույնիսկ հավաքներին գալ եւ մեզ ստուգել, եկան ստուգեցին, ու պարզվեց, որ Սոնա Պողոսյանն ինքնագլուխ ինչ-որ խթանիչ է օգտագործել: Ես ի՞նչ անեմ... Գիշեր-ցերեկ, հավաքներին, մրցումներին անդադար այդ թեմաներից ենք խոսում, որ չի կարելի է, հազար անգամ բացատրել եմ, որ ճիշտ մարզումներով կարելի է մեծ հաջողությունների հասնել: Միայն անցյալ տարի 23 մեդալ ենք բերել մրցաշարերից, դա էլ մեզ ապացույց, որ մաքուր աշխատանքով կարող ենք բարձր արդյունքների հասնել, այդքանից հետո իմ մարզիկը գնում է եւ չգիտեմ ում խորհրդով դոպինգ է ընդունում: Մինչ օրս, որեւէ մեկն առանց իմ իմացության, նույնիսկ ցավազրկող չի օգտագործել, գնում էին բժշկի, զանգում, ինձ հարցնում էին՝ այս-ինչ ներարկումը կարելի է, թե ոչ... Ես էլ միայն մեր բժիշկ Դավիթին էի ուղղորդում մարզիկներին, որ նրանից հարցրեք, նոր: Մեր հավաքականների շուրջ ստեղված սկանդալից հետո արգելված նյութերի ցանկը գրեցի թղթի վրա, բաժանեցի բոլորին, որ իմանան՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Այսքանից հետո գնում են տունը, ինձանից թաքուն արգելված նյութեր օգտագործում, գլխիս սարքում են: Բա պետք է հեռացնեն ինձ, բա ինչ պետք է անեն: Էլ ում պետք է հեռացնեն....
Սոնա Պողոսյանի հետ խոսել եք, ի՞նչ բացատրություն է տալիս մարզիկը:
Ոչինչ չի ասում... Չի խոսում... Երեսիս է նայում, ոչինչ չի ասում: Նա չէր կարող ինքնագլուխ այս ամենն անել, նա չէր կարող ինքնուրույն որոշել արգելված նյութը խմել: Բայց չի ասում ոչինչ: Վախենում է իրեն դոպինգ տվողից... Նայում եմ աչքերի մեջ ու հարցնում՝ ես քեզ ինչ վատություն է արել աղջիկ ջան, այս հավաքականի անդամներն ինչ վատություն էին քեզ արել, որ դու այս հիմարությունն արեցիր: Ասում եմ՝ իմաստը բացատրի, հասկանամ՝ ինչի ես դոպինգ ընդունել, եթե այն 20-25 օր է մնալու քո օրգանիզմում եւ ոչ ավել, իսկ դու 6 ամիս անց նոր մրցման ես, ինչի ես արել, ով է քո թշնամին... Ի պատասխան՝ նայում է աչքերիս մեջ, ու ձայն չի հանում:
Ե՞րբ է եղել դոպինգ ստուգումը եւ ե՞րբ եք ստացել դրական պատասխանը:
Պատասխանը եղել է օրերս, իսկ Սոնան դոպինգ ընդունել է հունվարին, փետրվարին՝ բռնվել: Սա այն շրջանն է, որ մեր հավաքականները զրկված են միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից եւ մայիսից նոր մենք պետք է հնարավորություն ստանայինք մասնակցել մրցաշարերի: Մինչ այդ մենք պետք է դրական պատասխաններով անալիզներ չունենայինք: Հունվարին տանն են եղել հավաքականի անդամները, ձետրվարին անցկացրել ենք այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը Օլիմպավանում, եկել են հավաքի ընթացքում ստուգել են, ու բռնվել ենք:
Սոնա Պողոսյանին միջազգային ֆեդերացիան որակազրկել է, ինչը լիարժեք արդարացված է: Բայց ես կուզեի, որ այդ աղջկան դոպինգ տվողին գտնեին եւ նրան պատժեին: Այլապես այս խնդիրը չի վերանա հայկական ծանրամարտից: Թույլ օղակը Արտաշես Ներսիսյանն է. նրան էլ հեռացնենք... Հա հեռացրեք, բայց դրանով հարց կլուծվի՞:
Այն մարդուն են հեռացնում, ով ամեն ինչ արել է դոպինգի դեմ պայքարի համար, իրենցից շատ, միլիոն անգամ: Դեռ սպառնում են, որ մինչեւ անգամ ծանրամարտից կհեռացնեն: 15 տարվա իմ ամբողջ աշխատանքը գնաց, ընկավ ջուրը՝ 200-ից ավելի մեդալ եմ բերել այս տարիների ընթացքում, 70 անգամ Հայաստանի դրոշը բարձրացվել է, հիմնը հնչել է, միայն անցյալ տարի 23 մեդալ ենք նվաճել ու ինձ այսքանից հետո հեռացնում են:
Իսկ հավաքականին ի՞նչ ճակատագիր է սպասվում:
Դեռ քննարկվում է կանանց հավաքականը լուծարելու մասին հարցը, իբր թե մեզ աղջիկների ծանրամարտը պետք չէ: Լուծարեք...
Ձեզ հետ պաշտոնից ազատվել է նաեւ Արման Ղազարյանը:
Արման Ղազարյանը Սոնա Պողոսյանի անձնական մարզիչն է: Սոնա Պողոսյանը ինքնագլո՞ւխ է դոպինգ ընդունել: Սոնան ինքնագլուխ հաց էլ չէր ուտի... Ամեն ինչը միմյանց հետ կապ ունի:
Ի՞նչ քայլեր եք պատրաստվում նախաձեռնել:
Ի՞նչ անեմ... Գնամ, չոքեմ, ներողություն խնդրե՞մ... Ուզում եմ, որ գտնեն, հենց այսպես հարցը չփակվի, գնա: Ինձ ուզում են հեռացնեն, թող հեռացնեն, բայց դրանով հարցը չի փակվում, պետք է գտնել՝ ով է Սոնային խորհուրդ տվել, կամ տվել, որպեսզի մյուս մարզիկների ապագան չփչացնեն, այլապես սա նորից կկրկնվի: Մենք մի ֆեդերացիա ենք, այս պատժամիջոցը կանդրադառնա ամբողջ ֆեդերացիայի եւ բոլոր հավաքականների վրա:
Իրականությունը Սոնան գիտի, բայց նա ոչինչ չի խոսում եւ չի ասում: Եթե պետք է՝ ինձ հեռացնեն, թող հեռացնեն, ուղղակի այս տարիների աշխատանքնս է ափսոս: Սա միտումնավոր արված գործ է: Մեկին պետք էր այսպես անել. ոչ մրցումների էինք, ոչ էլ... մեր մարզումների բնական հունով գնում էին: Մարզումներին աղջիկը, իմանալով որ պարբերաբար ստուգվում ենք, դոպինգ է օգտագործել, որ բռնվի: Եթե նա իսկական մարդ է, մարդկային հատկանիշներ ունի, թող կանգնի, ասի, թե ով է իրեն դոպինգ տվել, ում հետ է այդ կեղտոտությունն արել: Ինքն արդեն որակազրկվեց, բայց գոնե մարդկություն թող ունենա, մյուսներին փրկի:
Կուզեի, որ այս հարցը դատարանով լուծվեր, ես էլ դատապաշտպան ունենայի եւ իմ իրավունքները կարողանայի պաշտպանել: Ասում են՝ Արտաշես Ներսիսյանը հեռացված է, ես էլ ստիպված ասում եմ՝ լավ, հաջողություն:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.