11:15  ,  1 ապրիլի, 2018

Էնթոնի Ջոշուան ընդհատեց նոկաուտների շարքը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան շարունակում է մնալ անպարտելը։ Բրիտանացի 28-ամյա բռնցքամարտիկն Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում հանդիպել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն, նորզելանդացի Ջոզեֆ Պարկերըի հետ եւ հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 119-109, 118-110, 118-110։

Պրոֆեսիոնալ կարիերայում Էնթոնի Ջոշուան առաջին անգամ ռինգում անցկացրեց 12 ռաունդ։ Նախորդ 20 մենամարտերում նա հաղթել էր նոկաուտով։

Ջոշուայի քաշն էր 109,8 կգ, իսկ Պարկերինը՝ 107,2։

Բրիտանացին նախորդ մենամարտը նույնպես անցկացրել էր Քարդիֆի Principality Stadium արենայում (հոկտեմբերի 28-ին) եւ նոկաուտով հաղթել էր կամերունցի Կարլոս Տակամին։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Էնթոնի Ջոշուան գերազանցել էր գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի ռեկորդը՝ պրոֆեսիոնալ ռինգում մեկնարկելով 20 նոկաուտով: Թայսոնի ցուցանիշը եղել էր 19 նոկաուտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում