Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է ընկերական խաղում Լիտվայի թիմից կրած պարտությունը:
«Էստոնիայի եւ Լիտվայի հավաքականները տարբերվում են իրենց խաղաոճով: Զգուշացրել էինք մեր ֆուտբոլիստներին, որ Լիտվայի թիմը դժվար մրցակից է: Այդպես էլ եղավ:
Գոհ չեմ խաղից: Ակտիվ եւ ագրեսիվ գործեցինք միայն վերջին 15 րոպեների ընթացքում: Ընդհանուր առմամբ, անատամ խաղ անցկացրեցինք:
Հարձակման գծում վստահել էինք Ադամյան – Բալեկյան զույգին, որոնց համագործակցությունը չստացվեց:
Արդյունքը կարեւոր է, սակայն ընկերական խաղերում մենք նաեւ այլ կարեւոր նպատակներ ունենք: Հնարավորություն տվեցինք նաեւ երիտասարդ ֆուտբոլիստների, փորձարկումներ արեցինք:
Ոչ միայն Մխիթարյանի, այլեւ թիմի խաղը չստացվեց: Մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ չէինք կարողանում կենտրոնական գոտիները փակել:
Պարտվեցինք, սակայն խաղն օգտակար էր մարզչական շտաբի համար: Մայիսին եւ հունիսին կայանալիք խաղերում արդեն փորձարկումներ չեն լինելու. Ըընտրելու ենք պաշտոնական խաղերին մոտ մարտավարություն:
Նորբերտո Բրիասկոն արժանի ֆուտբոլիստ է, սակայն պետք չէ մոռանալ, որ նրա համար ամեն ինչ այստեղ նոր էր: Ապագայում նա շատ օգտակար կլինի մեր հավաքականին:
Յուրա Մովսիսյանի հրավիրման հարցը փակված է ֆեդերացիայի նախագահի կողմից: Չեմ կարող պատասխանել այդ հարցին:
Մեր նպատակը Ազգերի լիգային պատրաստ լինելն է, իսկ ընկերական խաղերը այդ ճանապարհին շատ կարեւոր նշանակություն ունեն: Այսօրվա խաղից հետո վերջնականապես կողմնորոշվեցինք այն խաղային սխեմաների հարցում, որոնք առավել համապատասխան են մեր հավաքականին: Հնարավոր է, որ հաջորդ հավաքներին նոր ֆուտբոլիստներ հրավիրվեն: Չի բացառվում, որ մարզավիճակի բարելավման դեպքում հրավիրվի նաեւ Կառլեն Մկրտչյանը»,- ասել է Արթուր Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանում տեղի ունեցած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը լիտվացիներին պարտվել է 0:1 հաշվով:
Սամվել Սուքիասյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում