20:52  ,  27 մարտի, 2018

Հայաստանի հավաքականը պարտվեց Լիտվայի թիմին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվեց Լիտվայի թիմին (ֆոտոռեպորտաժ):

Հանդիպման առաջին վայրկյաններից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ, իսկ Սարգիս Ադամյանի հարվածից հետո գնդակը աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

24-րդ րոպեին շատ վտանգավոր ստացվեց լիտվացիների կողմից խաղարկված անկյունայինը:

Երկու րոպե անց կարող էր գոլով ավարտվել Հենրիխ Մխիթարյանի` սուր անկյունից հարվածը տուգանայինից:

29-րդ րոպեին Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստի հեռահար հարվածից հետո Գոռ Մանուկյանին փրկեց դարպասաձողը:

2 րոպե անց հետևեց Հայաստանի հավաքականի պատասխանը, լավ անցումից հետո վտանգավոր հարվածեց Էրիկ Վարդանյանը:

Խաղակեսի վերջին րոպեին հյուրերը բացեցին հաշիվը` օգտվելով հայերի պաշտպանությունում առաջացած բաց գոտիներից: Աչքի ընկավ Լիտվայի «Սուդուվա» ակումբի 24-ամյա կիսապաշտպան Օվիդիուս Վերբիցկասը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկն անցավ հանդարտ տեմպով: Հայաստանի հավաքականի խաղն առջևի գծում ակտիվացրեցին փոխարինման մտած Արաս Օզբիլիսը և Կամո Հովհաննիսյանը:

Նախ՝ անկյունայինի խաղարկման արդյունքում հաջողությանը մոտ էր Վարազդատ Հարոյանը, իսկ քիչ անց Օզբիլիսի անցումից և հաշվենկատ փոխանցումից հետո գնդակին չհասավ Սարգիս Ադամյանը:

Երկու գոլլային պահերի արանքում վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին նաև լիտվացիները, սակայն երկու դրվագում վստահ գործեց Գոռ Մանուկյանը:

78-րդ րոպեին շատ վտանգավոր էր փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանի հարվածը:

2 րոպե անց շատ նպաստավոր դիրքում Բարսեղյանի վաստակած տուգանայինից հետո մի փոքր շեղ հարվածեց Օզբիլիսը:

0:1 հաշիվը մնաց անփոփոխ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Լիտվան 147-րդն է։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լիտվայի հավաքականները նախորդ ընկերական խաղերն անցկացրել էին մարտի 24-ին։ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Երեւանում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Էստոնիայի հավաքականի հետ, իսկ լիտվացիները Թբիլիսիում 0։4 հաշվով պարտվել են Վրաստանի հավաքականին։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Լիտվա՝ 0:1 

Օվիդիուս Վերբիցկաս, 45

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում