15:33  ,  22 մարտի, 2018

Տիգրան Բարսեղյան․ Հավանական է, որ ամռանը կտեղափոխվեմ ավելի ուժեղ ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշության արարողությունից հետո պատասխանլ է NEWS.am Sport-ի թղթակցի հարցերին։

Տիգրան, առաջին անգամ ընդգրկվեցիր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների շարքում` զբաղեցնելով երկրորդ տեղը: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

Շատ ուրախ եմ, որ հայտնվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Այսպիսի ուժեղ ֆուտբոլիստների շարքում երկրորդը լինելը մեծ պատիվ է ինձ համար:

«Վատն է այն զինվորը, որը չի ցանկանում գեներալ դառնալ». Արդյո ՞ք ունես նպատակ մի օր դառնալ առաջինը:

Ճիշտն ասած, երբ ես ծառայում էի բանակում, չէի ցանկանում գեներալ դառնալ (ծիծաղում է): Իսկ ֆուտբոլում միշտ ցանկանում եմ առաջատար լինել: Կարծում եմ` առաջինը լինելը ժամանակի խնդիր է: Կրկնվեմ, շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունենք եւ երկրորդ տեղում լինելն, իրոք, պատվաբեր է:

Առաջիկա օրերին հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Ծանո՞թ եք արդյոք Էստոնիայի եւ Լիտվայի հավաքականներին եւ ի՞նչ ակնկալիքներ կան այդ խաղերից:

Աստիճանաբար ծանոթանում ենք մրցակիցներին` մարզչական շտաբի օգնությամբ: Մինչեւ առաջին հանդիպումը դեռ մեկ օր կա. 100 տոկոսով պատրաստ կլինենք եւ խաղադաշտ կմտնենք հաղթանակի ակնկալիքով:

Ի՞նչ տպավորություն է թողնում հավաքականի նորեկ, արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկոն:

Նորբերտոն շատ լավ անձնավորություն եւ ֆուտբոլիստ է: Հուսանք, որ կկարողանա օգուտ տալ մեր հավաքականին եւ մեր ազգին:

Ինչպե՞ս են ընթանում գործերդ մակեդոնական «Վարդարում»: Ունե՞ս արդյոք ակումբը փոխելու նպատակ:

Հավանական է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվեմ ավելի ուժեղ թիմ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով