11:54  ,  22 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյան․ Հուսով եմ՝ Նորբերտո Բրիասկոն մեծ օգուտ կտա մեր հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո կիսվել է տպավորություններով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Շատ հաճելի է կրկին արժանանալ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ինձ մրցակցությունից դուրս չեմ համարում, հարգում եմ թիմակիցներիս, սակայն կձգտեմ հետագայում էլ արժանանալ լավագույնի կոչմանը»,- ասել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի նորեկ,  արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկոյին։

«Նորբերտո Բրիասկոն շատ լավ է մերվել թիմին եւ թողում է լավ տպավորություն: Հուսով եմ, որ նա շատ օգուտ կտա մեր հավաքականին:

Որոշակիորեն ծանոթ ենք առաջիկա մրցակիցներին: Կձգտենք հաղթանակներ տանել եւ լավ տրամադրությամբ շարունակել նախապատրաստությունը Ազգերի լիգային։ Շատ լրջորեն ենք նախապատրաստվում Ազգերի լիգային: Թող տպավորություն չստեղծվի, որ մենք հայտնվել ենք թույլ խմբում»,- նշել է  Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականի ավագը խոսել է նոր ակումբում հարմարվելու եւ Մոկսվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին․

«Ամեն ինչ անում եմ «Արսենալում» հնարավորինս շուտ հարմարվելու համար: Կարծում եմ` ստացվում է: Ցանկանում եմ, որ իմ օրինակով հայ մանուկները ոգեշնչվեն մեծ ակումբներում խաղալու հեռանկարով:

ԲԿՄԱ-ն լավ թիմ է: Այս մրցաշրջանում խաղացել եմ մոսկովյան թիմի դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն վերջին ամիսների ընթացքում ԲԿՄԱ-ն զգալիորեն առաջադիմել է»,- ասել է Հենրիխը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Այս օրերին նա Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում