14:32  ,  22 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:

Հենրիխ Մխիթարյանն առաջին տեղը գրավել է 190 միավորով: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի եւ Անգլիական լիգայի գավաթակիր, ինչպես նաեւ ընդգրկվել Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարի խորհրդանշական հավաքականում:

Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որի անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

25 միավորով երրորդ տեղում է հայտնվել Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: Նրա անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ տեղում:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն այս տարի չի անցկացնում «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում