21:35  ,  15 փետրվարի, 2018

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը՝ Փհենչհանից. Աժիոտաժի արդյունքում նոր դահուկներն ու կոշիկներն այսքան շուտ հասան

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհան-2018-ում մասնակցության իրավունք ունի միայն հատուկ ոլորավայրէջքում: Ես միավոր էի վաստակել միայն հատուկ ոլորավայրէջք ձեւում եւ մասնակցելու եմ միայն փետրվարի 22-ին: Չգիտեմ՝ ինչու են հայտարարել, որ ես մեկնարկի եմ դուրս գալու նաեւ փետրվարի 18-ին՝ հսկա ոլորավայրէջք մրցաձեւում: Այսօր ինձ հասավ նոր մարզագույքս: Վաղվանից կսկսեմ մարզումները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական Փհենչհանից ասաց 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցին Փհենչհանից պատմել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ եւ կարող է հանդես չգալ Օլիմպիական խաղերում, քանի որ դեռ չի մարզվում։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։

Այն, որ մարզիկի մարզագույքը Մոսկվայից հասել է օլիմպիականին, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Գլխավոր քարտուղարը նաեւ նշել էր, որ Աշոտ Կարապետյանը հանդես է գալու միայն հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում փետրվարի 22-ին: Իսկ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքն ավելի վաղ հայ օլիմպիականների ժամանակացույցում նշել էր, որ լեռնադահուկորդը մեկնարկի է դուրս գալու փետրվարի 18-ին՝ հսկա ոլորավայրէջքում եւ հատուկ ոլորավայրէջքում՝ փետրվարի 22-ին:

«Ես օլիմպիական վարկանիշայի միավորներ հավաքել եմ միայն հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում: Ֆեդերացիայի ղեկավարությունն էլ գիտի, որ միայն այդ օրն այդ մեկնարկին դուրս գալու իրավունք ունեմ: Չգիտեմ, թե ինչու են հայտարարել, որ հսկա ոլորավայրէջքում եւս մասնակցելու իրավունք ունեմ:

Այսօր վերջապես իմ մարզագույքը հասավ ինձ: Դեռ չեմ փորձարկել, վաղվանից կսկսեմ մարզումներս, կփորձարկեմ մրցուղին: Մարզագույքի բացակայության շուրջ ծավալված աժիոտաժի արդյունքում նոր դահուկներն ու կոշիկներն ինձ այսքան շուտ հասան: Հակառակ դեպքում, չէր հասնի»,- ասաց Աշոտ Կարապետյանը:

Նշենք, որ ըստ ՀԱՕԿ-ի տարածած հայ օլիմպիականների մեկնարկների ժամանակացույցի՝ փետրվարի 13-ին դահուկավազքի սպրինտի (դասական ոճ) կանանց պայքարում պետք է մեկնարկի դուրս գար նաեւ Փհենչհանում Հայաստանի միակ կին օլիմպիական Կատյա Գալստյանը, սակայն նրա անունը չկար մասնակիցների ցուցակում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով