21:35 15 փետրվարի, 2018Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհան-2018-ում մասնակցության իրավունք ունի միայն հատուկ ոլորավայրէջքում: Ես միավոր էի վաստակել միայն հատուկ ոլորավայրէջք ձեւում եւ մասնակցելու եմ միայն փետրվարի 22-ին: Չգիտեմ՝ ինչու են հայտարարել, որ ես մեկնարկի եմ դուրս գալու նաեւ փետրվարի 18-ին՝ հսկա ոլորավայրէջք մրցաձեւում: Այսօր ինձ հասավ նոր մարզագույքս: Վաղվանից կսկսեմ մարզումները:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական Փհենչհանից ասաց 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցին Փհենչհանից պատմել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ եւ կարող է հանդես չգալ Օլիմպիական խաղերում, քանի որ դեռ չի մարզվում։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։
Այն, որ մարզիկի մարզագույքը Մոսկվայից հասել է օլիմպիականին, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Գլխավոր քարտուղարը նաեւ նշել էր, որ Աշոտ Կարապետյանը հանդես է գալու միայն հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում փետրվարի 22-ին: Իսկ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքն ավելի վաղ հայ օլիմպիականների ժամանակացույցում նշել էր, որ լեռնադահուկորդը մեկնարկի է դուրս գալու փետրվարի 18-ին՝ հսկա ոլորավայրէջքում եւ հատուկ ոլորավայրէջքում՝ փետրվարի 22-ին:
«Ես օլիմպիական վարկանիշայի միավորներ հավաքել եմ միայն հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում: Ֆեդերացիայի ղեկավարությունն էլ գիտի, որ միայն այդ օրն այդ մեկնարկին դուրս գալու իրավունք ունեմ: Չգիտեմ, թե ինչու են հայտարարել, որ հսկա ոլորավայրէջքում եւս մասնակցելու իրավունք ունեմ:
Այսօր վերջապես իմ մարզագույքը հասավ ինձ: Դեռ չեմ փորձարկել, վաղվանից կսկսեմ մարզումներս, կփորձարկեմ մրցուղին: Մարզագույքի բացակայության շուրջ ծավալված աժիոտաժի արդյունքում նոր դահուկներն ու կոշիկներն ինձ այսքան շուտ հասան: Հակառակ դեպքում, չէր հասնի»,- ասաց Աշոտ Կարապետյանը:
Նշենք, որ ըստ ՀԱՕԿ-ի տարածած հայ օլիմպիականների մեկնարկների ժամանակացույցի՝ փետրվարի 13-ին դահուկավազքի սպրինտի (դասական ոճ) կանանց պայքարում պետք է մեկնարկի դուրս գար նաեւ Փհենչհանում Հայաստանի միակ կին օլիմպիական Կատյա Գալստյանը, սակայն նրա անունը չկար մասնակիցների ցուցակում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.