18:48  ,  15 փետրվարի, 2018

ՀԱՕԿ–ի գործկոմը կքննարկի օլիմպիական Աշոտ Կարապետյանին առանց համապատասխան մարզագույքի թողնելու հարցը

Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծված է: Մարզիկն անցել է լիարժեք մարզումների:

Հայաստանի օլիմպիական հավաքականի վերադառնալուց հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կհրավիրվի ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ՝ ստեղծված իրավիճակի պատճառները վերհանելու, եւ եթե կան մեղավորներ, նրանց պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Գործկոմի նիստին կհրավիրվեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցին Փհենչհանից հայտնել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ եւ կարող է հանդես չգալ Օլիմպիական խաղերում, քանի որ դեռ չի մարզվում։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։

Աշոտ Կարապետյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն է Փհենչհան-2018-ում եւ հանդես կգա հսկա ոլորավայրէջքում (փետրվարի 18) եւ հատուկ ոլորավայրէջքում (փետրվարի 22):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում