23:44  ,  5 փետրվարի, 2018

ՕԽ-ում Հայաստանի առաջին դոպինգ սպա. Մարզիչը, բժիշկը կամ մեկ ուրիշը մարզիկի վզից կապը չի գցում եւ պարտադրում, որ դոպինգ ընդունի

Հակադոպինգային կանոններով՝ դրական դոպինգ թեստ հանձնած մարզիկը միշտ մեղավոր է. նրանից բացի ոչ ոք մեղավոր չէ: Մարզիչը, բժիշկը կամ մեկ ուրիշը մարզիկի վզից կապը չի գցում եւ պարտադրում, որ դոպինգ ընդունի: Չկա աշխարհում նման բան: Մարզիկն իր կամքով է ընդունում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական Սպորտային Բժշկության կենտրոնի եւ հակադոպինգային ծառայության մասնագետ, դոպինգ ստուգման սպա Անժելա Սահակյանը, որը կսպասարկի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը (փետրվարի 9–ից 25–ը): Հայաստանն առաջին անգամ կունենա դոպինգ ստուգող սպա Օլիմպիական խաղերում:

Անժելա, Դուք առաջին հայ մասնագետն եք, ով Օլիմպիական խաղերում աշխատելու է որպես դոպինգ ստուգման սպա: Ինչպե՞ս ընգրկվեցինք աշխարհի 45 առաջատար սպաների շարքը:

Վերջին տարիներին համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) շատ մեծ փոփոխություններ կատարեց հակադոպինգային կանոններում: Ավելի է խստացրել պահանջներն ու պայմանները, որպեսզի մարզիկներն առավել զգոն լինեն: Սա ենթադրում է դոպինգ ստուգումների մեծ ծավալ, մասնավորապես մեծ մարզական միջոցառումների ժամանակ, ինչպես` Օլիմպիական խաղերը:  Քանի որ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիրը չունի հակադոպինգային ծառայություն իրականացնող մարդկային ռեսուրս, WADA-ն նպատակահարմար գտավ ամբողջ աշխարհից հրավիրել առաջատար հակադոպինգային կազմակերպությունների մասնագետների, ովքեր ունեն մեծ փորձ:

Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունն աշխարհում համարվում է առաջատարներից մեկը, եւ մենք եւս ստացանք հրավեր: Մեր կազմակերպությունը ներկայացրեց իմ թեկնածությունը. ես որպես մասնագետ,  ունեմ մեծ փորձ, բայց Օլիմպիական խաղերում աշխատելու փորձ չունեմ: Ներկայացրինք համապատասխան հայտ, որտեղ նշվեց իմ կատարված աշխատանքները: Սովորաբար, այդքանով չեն բավարարվում եւ նշանակվում են լրացուցիչ թեստեր, քննություններ, որոնք ստուգում են սպաների մասնագիտական գիտելիքները, մինչեւ անգամ լեզուների իմացությունը: Բայց, ի զարմասն մեզ, իմ թեկնածությունն անմիջապես ընդունվեց, եւ որեւէ լրացուցիչ տվյալների ստուգում կան հանձնարարություններ չեղան: Անմիջապես ստացա պաշտոնական հրավեր` մասնակցելու Փհենչհանում անցկացվելիք Օլիմպիական խաղերին:  Սա Հայաստանի առաջին փորձն է լինելու Օլիմպիական խաղերում:

Ի՞նչ է անելու դոպինգ ստուգող սպան Օլիմպիական խաղերում, ինչպիսի՞ն է լինելու շփումը օլիմպիականների հետ, որտե՞ղ եք ապրելու եւ հայ օլիմպիականների ստուգման աշխատանքներին ի՞նչ ներգրավածություն եք ունենալու:

2017 թվականի օգոստոսին արդեն գիտեի, որ հանդես եմ գալու որպես սպա: Այս ամբողջ ընթացքում ես, ինչպես եւ մյուս բոլոր սպաները ստացել ենք եւ ստանում ենք բոլոր անհրաժեշտ նյութերն ու հանձնարարականները, որոնք մեզ անհրաժետ են ընթացիք աշխատանքներն անցկացնելու համար: Ես ստացել եմ արդեն իմ աշխատանքայի գրաֆիկը. ներառված եմ լինելու ինչպես մրցումային, այնպես էլ արտամրցումային աշխատանքներում: Մրցումայինները բաժանված են ըստ մարզաձեւերի. ես ներառված եմ լեռնադահուկային մարզաձեւի եւ դահուկավազքի դոպինգ ստուգումների մեջ: Այս ստուգումներն անցկացվելու են անմիջապես մրցումների վայրում: Իսկ արտամրցումայիններն անցկացվելու են օլիմպիական ավանում:

Մենք չենք իմանալու, թե ում ենք ստուգում. ծրագիրն այնպես է համակրգված, որ մեկ ժամ առաջ ստանալու ենք հանձնարարություն, թե ով պետք է դոպինգ թեստ հանձնի, որ երկրի ներկայացուցիչը կամ թիմը: Իրավունք չունեմ հայ մարզիկների թեստերը ստուգել: Առհասարակ, սպաները շատ սահմանափակ հնարավորություններ, սահմանափակ տեղաշարժ պետք է ունենան: Մենք իրավունք չունենք մարզիկների հետ առանձին զրուցելու, ընկերական հարաբերությունների մեջ մտնելու, մտերմանալու, մարզիկների հետ լուսանկարվելու: Ապրելու ենք օլիմպիական ավանում, բայց մարզիկներից շատ հեռու` հատուկ առանձնացված վայրում:

Այս Օլիմպիական խաղերում դոպինգ ստուգումն ավելի՞ խստացված է լինելու:

Առավել, քան նախորդ ամառային եւ ձմեռային Օլիմպիական խաղերը: ՀՀենց այդ պատճառով Փհենչհանի Խաղերում ընդգրված են լինելու այն սպաները, որոնք մեծ փորձ ունեն եւ մարզիկը չի կարող ինչ-որ ձեւով խաբել նրանց: Շատ դեպքեր են եղել, որ դոպինգ ստուգման սպան նորեկ է եղել եւ մարզիկն էլ խորամանկորեն խաբել է նրան:

Դուք ներկայացնում եք Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը. Օլիմպիական խաղերից դուրս, ի՞նչ հարաբերությունների մեջ եք հայ մարզիկների հետ:

Շատ լավ, դրական հարաբերությունների մեջ ենք մարզիկների հետ: Մեր մարզիկները շատ բանիմաց են եւ սիրում են հետաքրքրվել, զանգում են, հարցնում որեւէ դեղորայք ընդունելուց առաջ, թե ինչ արգելված նյութեր են դրանք պարունակում: Մենք պարբերաբար անցկացնում ենք սեմինարներ, որոնք հատուկ նախատեսված են մեր մարզիկների համար. փորձում ենք մարզիկների հոգեբանությունը փոխել, որ դոպինգ չպետք է օգտագործել ոչ թե նրա համար, որ չբռնվեն, այլ, որ վնաս է առողջությանը: Մարզիկների հետ տանում ենք մեծ աշխատանք, որ դրսում, մրցումների ժամանակ անծանոթ վայրերից, անծանոթներից, մրցակից թիմերի մարզիկներց որեւէ ուտելիք, ըմպելիք չի կարելի վերցնել:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով