15:54  ,  31 հուլիսի, 2012

Օլիմպիական Միքայել Քոլոյան. Չստացվեց վերջին 25 մետրը

Գոհ չեմ իմ ելույթից: Լավ սկսեցի, լավ ընթացա, բայց վերջում ամեն ինչ ձախողվեց, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր մասնակցությունը մեկնաբանեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Քոլոյանը:

Հիշեցնենք, որ Միքայել Քոլոյանը ազատ լողաոճի 100 մետրում ցույց տվեց 53.82 վայրկյան արդյունք: Ընդհանուր հաշվարկում 60 մասնակիցների մեջ հայ լողորդը զբաղեցրեց 45-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Ինչպե՞ս կգնահատես ելույթդ:

Նորմալ: Բայց՝ ոչ լավ: Շատ լավ սկսեցի, հիանալի մեկնարկեցի, առաջին 75 մետրը վստահ հաղթահարեցի, միայն թե՝ 75 մետրից հետո ամեն ինչ իմ ցանկությանը հակառակ գնաց…  Լավ չստացվեց վերջին 25 մետր տարածությունը:

Ինչո՞ւ: Ի՞նչն էր պատճառը:

Չգիտեմ… Վերջին 25 մետր տարածությունը այսպես ասած՝ «չձգեցի»:

Ուժերդ չբավականացրեցի՞ն…

Դե կարելի է այդպես ասել: Չհաջողվեց:

Մրցակիցներդ ուժեղ էի՞ն:

Բավական: Այստեղ թույլ մասնակից չկա: Լողը մյուս օլիմպիական մարզաձեւերի նման չէ: Բոլորն էլ իրենց երկրների լավագույններն են եւ լավ արդյունքներ ունեն: Իսկ լավագույնների հետ պայքարելը միշտ էլ բարդ է լինում: Մրցակցությունը շատ բարձր է:

Միքայել, ընդհանուր առմամբ քո ելույթից գո՞հ ես, թե՞ չկարողացար ցուցադրել այն, ինչ կարող էիր:

Միանշանակ, գոհ չեմ: Բնականաբար, կարող էի ավելին եւ ընդունակ էի ավելիին: Չհասկացա՝ ինչն ինձ խանգարեց վերջին 25 մետր տարածությունում: Մեկնարկից առաջ շատ վստահ էի եւ նույնքան վստահ էլ կանգնեցի մեկնարկին: Բանն այն է, որ միանգամից իմ արագությունն ընկավ վերջում: Գրանցեցի 53.82 արդյունք: Նույնիսկ, Հայաստանի ռեկորդ չսահմանեցի:

Գուցե լարվածությո՞ւնը քեզ խանգարեց:

Անհասկանալի է… Չեմ կարող ասել:

Տրամադրությունդ ընկե՞լ է:

Այո… Նույնիսկ չգիտեմ, որերորդ տեղում եմ հայտնվել:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը
 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս